Տիկին Զոհրաբյան, երբ ջղային տոնով ելույթներ եք ունենում, այդ տոնը մեր նյարդային բջիջներին միայն թեթև խուտուտ է տալիս. Հայկ Կոնջորյան
Տիկին Զոհրաբյան երբ ջղային տոնով ելույթներ եք ունենում, ձեր այդ ջղային տոնը մեր նյարդային բջիջներին միայն թեթև խուտուտ է տալիս, ոչ ավելին: Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին:
«Կարող է այս միկրոֆոնները շաքար ստանան, բայց մենք չենք ստանա, մենք չենք վախենում Ձեր ջղային տոնից, ձեր տեղից ջղային հոնքերով արտահայտություններից, մենք հանգիստ Ձեզ լսում ենք, հետո գալիս ենք այստեղ, հոդաբաշխ արտահայտում ենք մեր մտքերը»,- ասաց նա:
Պատգամավորը ընդգծեց, որ այն, ինչը նշում է Զոհրաբյանը որպես լավություն, լավություն չէ «Իմ քայլ»-ին. «Դուք նշում եք՝ իբր լավություն եք արել մեզ: Դուք լավություն չեք արել, դուք արել եք այն, ինչ ժողովուրդը պահանջել է, եթե չանեիք դա, հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք, ժողովուրդը դա կորոշեր: Երբ ասում եք՝ պարոն Մարությանը կլիներ սերիալներում, դուք էլ նույն հաջողությամբ կլինեիք «Հայկական ժամանակում», եթե, իհարկե, Ձեզ ընդունեին որպես լրագրող «Հայկական ժամանակ»-ում: Եկեք չասենք՝ ով որտեղ կլիներ կամ չէր լինի»,- ասաց նա:
Նա անդրադաձավ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին և ասաց. «Պարոն Մելքումյան, գիտեք, որ քաղաքականությունը սպրինտ չէ, քաղաքականությունը մարաթոն է և այդ մարաթոնում պետք է վազել երկար, եթե Դուք մեզ մեղադրում եք երիտասարդության մեջ, հիշե՛ք, որ մենք ավելի երկար կարող ենք վազել, քան դուք»:










