Սամվել Ալեքսանյանի կողմից սեփականաշնորհված մանկապարտեզը վերադարձվել է համայնքին, նրա ընտանիքին պատկանող բիզնեսին տուգանել է. Փաշինյան (տեսանյութ)
Վերջին շրջանում քաղաքապետին մեղադրում են մասնավորի կողմից «ԿամԱԶ»-ներ նվեր ստանալու մեջ, արդյո՞ք այդտեղ կա մտահոգվելու առիթ և կոռուպցիոն ռիսկ: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:
Փաշինյանն էլ նշեց, որ եթե քաղաքում բնական աղետ է, և եթե ինչ-որ մեկն առաջարկում է աջակցել այդ աղետը հաղթահարելու գործում, շատ անտրամաբանական կլինի որևէ օգնություն մերժել: «Որովհետև աղբի հետ կապված վիճակը բնական աղետ էր: Այդ նույն է, եթե ջրհեղեղ լիներ և որևէ մեկը ջուր քաշող մեքենա առաջարկեր ու ասվեր՝ գիտեք, մի հատ եկեք կողմնորոշվեք... չկա այդպիսի բան աշխարհում»,- հայտարարեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է հնարավոր կոռուպցիոն ռիսկին, վարչապետն ասաց. «Այս վերջին օրերին շատ քննարկվեց Սամվել Ալեքսանյանի թեման: Ես տեղեկություններ պահանջեցի, և պարզվեց, որ այդ նվիրատվությունից հետո էլ, առաջ էլ նրա կողմից սեփականաշնորհված մանկապարտեզը Երևանի քաղաքապետարանը վերցրել և վերադարձրել է համայնքին, երկրորդ օրինակը՝ նրա ընտանիքին պատկանող մի շինարարության կապակցությամբ. Երևանի քաղաքապետարանը շատ խոշոր տուգանք է գրել, Օպերայի շրջակայքում նույն մարդն ուներ սրճարան, որը ապամոնտաժված սրճարանների շարքում էր»,- ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ մտահոգություն կարող է լինել այն առումով, որ այս հարաբերություններն ավելի լայն համատեքստում հասկանալու կարիք կա, թե ինչպես են կարգավորվում աշխարհում այս կարգի հարաբերությունները, գուցե անհրաժեշտ է նման իրավիճակներին տալ իրավական կարգավորումներ:
Բացի այդ վարչապետը նշեց, որ նույն շինարարության թույլտվությունների հետ կապված միշտ կա սուբյեկտիվիզմի գործոն: «Օրինակ, մարդը ասում է՝ ցանկանում է այստեղ 22 հարկանի շենք կառուցել, բայց քաղաքը մտածում է, որ պետք է 10 հարկանի լինի, բայց սկզբունքորեն ճարտարապետական արգելք չկա: Քաղաքապետարանն ասում է՝ եթե դուք հիմա նախատեսվածից կրկնակի ավել կառուցեք, այդտեղ պետք է քաղաքը ծախս անի, մասնավորապես՝ կոյուղին փոխի, ջրագծերը փոխի և այլն, բայց օրինակ կառուցապատողն ասում է՝ ես իմ հաշվին կծախսեմ, այդ ինֆաստրուկտուրաները կփոխեմ, որպեսզի այդ քաղաքի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն չլինի»,- ընդգծեց նա:
Վարչապետը նշեց, որ այստեղ բազմակողմ շահերի բախում կա: «Քաղաքը մի դեպքում շահագրգռված չէ, բայց մյուս կողմից անընդհատ ասում ենք՝ ներդրումներ լինեն: Այս շղթայի մեջ կարող են լինել որոշ պայմանավորվածություններ: Ուրիշ բան, որ մեր տեսակետն այն է, որ մենք փորձենք այդ ամեն ինչը դե յուրե ձևակերպել, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը կարողանանք կառավարել, որպեսզի առաջնային լինի հանրային և ոչ թե ինչ-որ մարդկանց անձնական շահը և քմահաճույքը»,- եզրափակեց նա:










