«Էս ի՞նչ մոդա է», «Ի՞նչ մոդա, ես էլ իմ իրավունքն եմ իրացնում». վիճաբանություն՝ Տիգրան Ուրիխանյանի և Արարատ Միրզոյանի միջև Հայկ Մարությանի համար (տեսանյութ)
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ վիճաբանություն սկսվեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանի միջև: Ուրիխանյանը մտքերի փոխանակման ժամանակ ելույթը նվիրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Հիշեցնենք, որ քննարկվող նախագծով առաջարկվում էր, որ քաղաքապետարանը սահմանի շրջիկ առևտրի կետերի գործունեությունը, ինչն էլ դուր չէր եկել պատգամավոր Ուրիխանյանին:
Օրինագծի վերաբերյալ նա նշեց, որ կա մտավախություն՝ արդյոք դրանից չե՞ն տուժի այն մարդիկ, որոնք հայտնաբերեցին, գտան ձևերը, կազմակերպեցին այդ բիզնեսը, հիմա սյնպես չլինի, որ նրանք կանգնեն խնդիրների առաջ:
«Մտավախություն ունեմ քաղաքապետին նոր լիազորություն տալու առիթով, ընդ որում, նոր լիազորություն է տրվում՝ առանց շատ կոնկրետ ուրվագծելու, չափագրելու ու հստակեցնելու՝ քաղաքապետին լիազորություններ տրամադրելու հարցը: Ես, օրինակ, կգերադասեի, որ դա լիներ կառավարության որոշման, կամ համապատասխան գերատեսչության ակտի տեսքով, որովհետև անկեղծորեն ունեմ մտահոգություններ քաղաքապետարանի կողմից այդ գործառույթը ևս պատշաճ կազմակերպելու իմաստով»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ երկու օր է՝ քննարկվում է իրավիճակ, և քաղաքապետն էլ մտել է բանավեճի մեջ, թե ինչ հագուստով են իր մոտ եկել 2 մլրդ դոլար ժողովրդի համար ներդրում բերող մարդիկ: «Քննարկում է՝ երբ են մարդիկ (ներդրողներ, արաբական երկրի թագաժառանգ /խմբ./) հեռախոսային խոսակցություններ ունենում, կամ, ասենք, պատի տակ շարվելուց պատշաճ կերպով, զգա՞ստ են կանգնել, թե՞ ոչ և թե ինչ տևողությամբ են կանգնած սպասել»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ ստացվում է, որ Երևանը ինվեստորներին հրավիրելու իմաստով ամենաանպատակահարմար քաղաքն է, որտեղ քննարկում են՝ թագաժառանգն էր եկե՞լ ու ժողովրդի համար 2 մլրդ դոլար բերել, անվճար հիվանդանոց էր ուզում կառուցել, թե՞ թագավորի մյուս որդին: «Ես այստեղ մտահոգություններ ունեմ, զուգահեռներ եմ տանում և խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական և կառավարման ունակություններին: Կոչ եմ անում անշուշտ հստակեցնել հարցը»,- ասաց նա:
Վերջում Ուրիխանյանի խոսքը հստակ չհնչեց, որովհետև ժամանակը սպառվել էր, իսկ նա շարունակում էր խոսել՝ ինչը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Գրավե՞լ եք ամբիոնը, պարոն Ուրիխանյան, հնչում է կոչնակը, որ ժամանակը վաղուց սպառվել է»,- ասաց նա և հավելեց, որ չի հասկանում՝ Ուրիխանյանի պատկերացրած քաղաքապետը նստում է հանդիպմանը, իսկ դիմացինն անընդհատ խոսո՞ւմ է հեռախոսով, կամ գնում, նորից գալի՞ս է:
Ուրիխանյանն էլ հակադարձեց. «Չի՞ լինի՝ չմեկնաբանեք, իմ իրավունքն է ցանկացած հարցի շուրջ խոսել»:
«Շատ լավ, իմ իրավունքն էլ էս է, պարոն Ուրիխանյան»,- ասաց Միրզոյանը, ինչին Ուրիխանյանը հակադարձեց. «Էս ի՞նչ մոդա է»:
«Ի՞նչն է մոդա, ասում եմ՝ ես էլ իմ իրավունքն եմ իրացնում»,- հակադարձեց Միրզոյանը:
Ուրիխանյանն էլ կոչ արեց ԱԺ նախագահին ավելորդ չմեկնաբանել իր ելույթը:










