«Իսլամական պետությունը» Լոնդոնի ահաբեկչության մասին հայտնել է ռուսական «TamTam» մեսենջերում

04:38 • 04.12.19

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերջերս Լոնդոնում իրականացրած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնելու մասին առաջինը հայտարարություն է արել ռուսական «TamTam» մեսենջերում: Այս մասին Insider պարբերականին հայտնել է ջիհադիստական խմբավորումների հարցերով բելգիացի փորձագետ Պիտեր Վան Օստայենը:

Վերջինիս խոսքով՝ ահաբեկիչների հայտարարությունը «TamTam»-ում 2 րոպե ավելի շուտ է հայտնվել, քան «Telegram»-ում:

«TamTam»-ը ստեղծվել է «Mail.ru Group»-ի կողմից, որին են պատկանում նաև «ВКонтакте»-ն, «Одноклассники»-ն և ICQ-ն: Այստեղ ահաբեկիչների հայտնվելու մասին տեղեկություններ եղել են նաև նախկինում, սակայն ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնելու վերաբերյալ հայտարարություն այս հարթակում խմբավորման անդամներն առաջին անգամ են անում: Վերջին տարիներին «ԻՊ» կողմնակիցների շփման հիմնական հարթակը եղել է «Telegram»-ը: 

Հիշեցնենք, որ Լոնդոնի կամրջի հարևանությամբ տղամարդը դանակով հարձակվել էր մարդկանց վրա: Երկու հոգի` մեկ կին և մեկ տղամարդ, ստացած վնասվածքներից մահացել էին: Եվս երեքը տուժել էին: Կասկածյալին` 28-ամյա Ուսման Խանին, ոստիկանությունը ձերբակալել է:

«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել էր ահաբեկչության պատասխանատվությունը: