«Բարձրագույն կրթության նախագծում կարմիր թելով անցնում է բուհերի ինքնավարության ապահովումը. քննարկվում է «Բարձրագույն կրթության, գիտության մասին» օրինագիծը

13:23 • 04.12.19

ԿԳՄՍՆ–ում տեղի է ունենում «Բարձրագույն կրթության, գիտության մասին» օրինագծի քննարկումը։ Մասնակցում է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա ներկայացրեց քննարկման ձևաչափը և նշեց, որ բուհերից ստացել են առաջարկներ, որոնց մեծ մասը տեղ է գտել նախագծում:

Նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը ներկայացրեց նախագծում նախատեսվող փոփոխությունները: «Ամբողջ օրինագծում կարմիր թելով անցնում է բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության ապահովումը: Հատուկ շեշտադրում ենք հայագիտական հետազոտությունների գերակայությունը, ազգային ինքնության համամարդկային արժեքները, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության խնդիրները, և մեր նպատակներից մեկը` եվրոպական բարձրագույն կրթության տարածքին ինտեգրվածության աստիճանի շարունակական ընդլայնումն է».-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը, բուհերի խորհուրդների վերաբերյալ հարցին ի պատասխան, ասաց, որ հիմնականում առաջնորդվել են այն սկզբունքով, որ պետական պաշտոնյաներ չընդգրկվեն: Նախարարը նշեց, որ որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին և պետք է բեկումնային իրավիճակ լինի դպրոցներում:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է բուհերի ուսումնական գործընթացում ոչ պարտադիր դարձնել «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաները։