Հնդիկ ագարակատերն իր շանը ներկել է վագրի պես, որպեսզի վախեցնի դաշտերը «գրոհող» կապիկներին (լուսանկարներ)
Հնդկաստանի Կարնատակա նահանգում բնակվող ագարակատերն իր դաշտերը կապիկներից պաշտպանելու համար որոշել է օգտագործել իր շանը:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, կենդանիների համառ հարձակումներից իր բերքը պաշտպանելու համար հուսահատ Սրիքանդ Գոուդան շանը ներկել է այնպես, որ կենդանին վագրի տեսք ունենա, որից կվախենան կապիկները և հեռու կմնան դաշտից:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` տղամարդը մազի ներկ է օգտագործել ընտանի կենդանուն գիշատչի «վերածելու» համար: Նշվում է, որ շունն արդեն իսկ կարմրավուն մազեր ուներ, և տղամարդուն մնում էր միայն սև ներկով գծեր պատկերել և փոքր-ինչ սպիտակ երանգ հաղորդել շանը` վագրին նմանեցնելու համար:
Հնդիկ տղամարդը հույս ուներ այդպիսով հեռու պահել կապիկներին իր հացահատկի դաշտից` մտածելով, որ տեսնելով «վագրին», կենդանիները կխուսափեն մոտենալուց:
Բացի այդ, նա մեծ պաստառներ է պատրաստել իրական վագրի նկարներով և տեղադրել դրանք դաշտի տարածքում: Վերջինս մեկնաբանել է, որ մազերի ներկը մեկ ամիս հետո ինքն իրեն անցնում է և ոչ մի վնաս չի հասցնի կենդանուն:












