Օդեսայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, կան տուժածներ (լուսանկարներ, տեսանյութ)

15:36 • 04.12.19

Ուկրաինայի Օդեսա քաղաքում հրդեհ է բռնկվել ճարտարապետական հուշարձան համարվող 6-հարկանի շենքում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Վերին հարկերի պատուհաններից բոց է դուրս գալիս: Ականատեսների խոսքերով` մարդիկ հրդեհից փրկվելու համար դուրս են նետվել պատուհաններից:

Ներկայում շենքում տեղակայված են մի շարք ընկերություններ ու հաստատություններ, այդ թվում՝ ծովային կենսաբանության ինստիտուտը, Ուկրաինայի հնագիտության ինստիտուտի Օդեսայի մասնաճյուղը, տնտեսագիտության քոլեջը և այլն:

«Ամեն ինչ շատ հանկարծակի տեղի ունեցավ, սև ծուխ բարձրացավ, հազիվ հասցրինք դուրս գալ շենքից»,-պատմել է ծովային կենսաբանության ինստիտուտի աշխատակիցներից մեկը՝ չբացառելով, որ իր գործընկերներից ոմանք հնարավոր է մնացած լինեն շենքում:

Հրդեհը սկսվել է այսօր առավոտյան՝ շենքի երրորդ հարկում՝ տնտեսագիտության քոլեջի տարածքում:

Դեպքի վայր են ժամանել բազմաքանակ հրշեջ և շտապ օգնության աշխատակիցներ: Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ: