Քննությունը կպարզի, որևէ ավել բան, քան հրապարակված է մամուլում, չեմ կարող ասել. վարչապետը՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, մեկնաբանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու լուրը, նշեց, որ, ըստ էության, կարող է ասել այն, ինչ հրապարակված է մամուլում.
«Հիշում եք՝ մի ժամանակ ՀՀ–ում կար Գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման ծրագիր։ Նոր այս լուրը կարդալով՝ Տիգրան Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր կառավարությունն է այդ ծրագիրը փակել՝ համարելով, որ այն կոռուպցիոն ռիսկեր պարունակող ծրագիր է։ Ըստ մեղադրանքի նյութերի՝ Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարել է, որ դիզվառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որը էժան գին է առաջարկում, այլ մեկ այլ՝ «Ֆլեշ» ընկերությունից։ Սա է պատմությունը»։
Վարչապետը նշեց, որ կարծում է՝ գործի քննության արդյունքում կպարզվեն բոլոր հանգամանքները․ «Որևէ ավել բան չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին դիզվառելիքի գործով մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ ՀՀ երրորդ նախագահի դեմ ցուցմունք է տվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։










