Գիտնականներն առողջ սննդակարգ են մշակել մսի սիրահարների համար
Գիտնականները միջերկրածովյան սննդակարգի հատուկ տարբերակ են մշակել նրանց համար, ովքեր չեն կարողանում հրաժարվել մսային ուտեստներից:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, որոշ երկրներում միսը գերիշխում է սննդակարգում: Նման երկրներից մեկն Ավստրալիան է, որի մեկ բնակիչը, վիճակագրության համաձայն, տարեկան շուրջ 100 կգ միս է սպառում: Սակայն հայտնի է, որ մսի մեծ քանակությամբ օգտագործումն այնքան էլ օգտակար չէ առողջության համար:
Ամենից առողջարար սննդակարգը ողջ աշխարհում համարվում է միջերկրածովյանը, որն օգտակար է սրտի, անոթների և գլխուղեղի առողջության համար: Նման սննդակարգը ներառում է ձիթապտղի յուղ, մրգեր, բանջարեղեն, ընկուզեղեն, սերմեր, ամբողջական ալյուրից պատրաստված հաց, պաստա, ձկան, ծովամթերքների չափավոր օգտագործում:
Ավստրալացի գիտնականներն ստեղծել են այս սննդակարգի փոփոխված տարբերակը մսակերների համար: Այն թույլատրում է հիմնական ուտելիքներից բացի շաբաթական օգտագործել 250 գրամ ոչ յուղոտ խոզի միս: Դա հարմար է նաև այն մարդկանց համար, որոնք ձուկ չեն ուտում:
Հեղինակները գիտափորձ են իրականացրել 45-80 տարեկան 35 մասնակիցների շրջանում, որի արդյունքներով պարզվել է, որ մսի սիրահարները նման սննդակարգ պահելով կարող են առողջ մնալ:










