ՀՊՄՀ-ում բացվեց չինական մշակույթի կենտրոն (տեսանյութ)

13:29 • 11.12.19

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր բացվեց չինական մշակույթի կենտրոն, բացմանը ներկա էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին արդյունավետ համագործակցություն է հաստատվել ՀՊՄՀ-ի և Չինաստանի մի շարք բուհերի միջև և կարևորեց բուհի օտար լեզուների ֆակուլտետում և հիմնական դպրոցում չինարենը որպես երկրորդ օտար լեզու ուսուցանելու հանգամանքը:

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը շնորհավորեց մանկավարժական համալսարանում չինական մշակույթի կենտրոնի բացման առթիվ և մաղթեց հաջողություններ: «Մենք շատ ուրախ ենք կենտրոնի բացման առիթով, որը տեղի է ունենում այն ժամանակներում, երբ Չինաստանն ու Հայաստանը զարգացնում են իրենց հարաբերությունները տարբեր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, կրթական և այլն: Ես կարծում եմ, որ համագործակցությունը շատ կարևոր է, հատկապես երկու երկրների երիտասարդների համար»,-նշեց դեսպանն ու հույս հայտնեց, որ կենտրոնի բացումը ևս կնպաստի համագործակցության ամրապնդմանը:

ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Սերգո Երիցյանը ևս կարևորեց կենտրոնի բացումը և նշեց, որ այն  լուրջ քայլ է հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն էլ անդրադարձավ դեռևս վաղ ժամանակներից սկիզբ առնող հայ-չինական հարաբերություններին, երբ հայկական որդան կարմիրով էին պատում չինական մետաքսները, իսկ 12-13–րդ դարերի մատյաններում կան էջեր, որտեղ առկա են չինական մանրանկարչության ոճավորումներ: Արա Հակոբյանի կարծիքով՝ չինական կենտրոնի բացումը կնպաստի չինական արվեստի հանդեպ նոր մշակույթի ձևավորմանը:

 

 

ՀՊՄՀ-ում բացվեց չինական մշակույթի կենտրոն (տեսանյութ)