Եգիպտոսում հայտնաբերել են Ռամզես 2-րդի՝ վարդագույն գրանիտից արձանը (լուսանկար)

12:11 • 12.12.19

Եգիպտացի հնագետները Գիզայի Միթ Ռախինայի շրջանում հայտնաբերել են Ռամզես 2-րդ փարավոնի արձանի վերին մասը՝ հնագույն եգիպտական Պտահ աստծո տաճարից ոչ հեռու, ասված է Եգիպտոսի Հնությունների նախարարության հաղորդագրության մեջ, գրում է The Business Times-ը:

«Հայտնաբերվել է Ռամզես 2-րդի հազվագյուտ արձանի վերին մասը՝ պատրաստված վարդագույն գրանիտից, որը խորհրդանշում է ուժ, կենսունակություն և քողարկված ոգի»,- ասել է Եգիպտոսի Հնությունների նախարարության գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին:

Նրա խոսքով՝ նախկինում հայտնաբերվել է 3-րդ դինաստիայի փարավոններից մեկի նման արձանը, սակայն այն պատրաստված է եղել փայտից:

Գտածոյի բարձրությունը 105 սանտիմետր է, լայնությունը՝ 55: Գլխավերևում պատկերված է «Կա» խորհրդանիշը՝ վեր պարզած ձեռքերի տեսքով, որը խորհրդանշում է ուժ ու կենսունակություն:

Փարավոնի արձանը հաջողվել է գտնել մասնավոր տարածքում, որի տերը գաղտնի պեղումներ է իրականացրել, սակայն զբոսաշրջային ոստիկանության կողմից ձերբակալվել է դեկտեմբերի սկզբին: Այժմ գտածոն ուղարկվել է բացօթյա թանգարան՝ այն վերականգնելու նպատակով:

Ռամզես 2-րդ փարավոնը, որը կառավարել է մ.թ. ա. 1279-1213 թվականներին, Եգիպտոսը մեծ տերություն է դարձրել իր հաղթանակների, նվաճումների, նոր տարածքների յուրացման, շինարարության և ոռոգման աշխատանքների շնորհիվ:

Նա հաճախ հիշատակվում է որպես Հին Եգիպտոսի մեծագույն, ամենահզոր և առավել նշանավոր փարավոն:

Image result for Egypt unveils 'rare' ancient pharaoh bust