Չինացի գիտնականները ցերեկային քունը վտանգավոր են համարում
Ցերեկվա ընթացքում կամ գիշերը 9 ժամից ավելի քնող մարդկանց մոտ մեծ է գլխուղեղի կաթված ստանալու հավանականությունը: Նման եզրահանգման են եկել Ուհանի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի չինացի գիտնականները, նշվում է EurekAlert գիտական առցանց ծառայությունում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Քնի յուրահատկություններն ուսումնասիրելու համար 6 տարի տևած փորձարկմանը մասնակցել է 31 700 մարդ, որոնք նախկինում գլխուղեղային կաթված կամ առողջական այլ խնդիրներ չեն ունեցել:
Մասնակիցների 8 տոկոսը ցերեկը 90 րոպե և ավելի է քնել, իսկ 24 տոկոսի քունն օրական 9 ժամից ավելի է տևել: Վերջինների մոտ գլխուղեղի կաթվածը 23%-ով ավելի հաճախ է եղել, քան նրանց մոտ, ովքեր օրական քնել են 7-8 ժամ: Միևնույն ժամանակ, նրանց մոտ, ովքեր ոչ միայն երկար գիշերն են քնել, այլև ցերեկվա ընթացքում, կաթվածի դեպքերը 85%-ով ավելի շատ են տեղի ունեցել:
Ավելի վաղ Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի քնաբան Միխայիլ Պոլուեկտովը ցրել էր այն միֆը, թե հանգստյան օրերին երկարատև քունը կարող է անցկացնել հոգնածությունն ու քնի պակասը: Վերջինիս խոսքով` հանգստի նման ռեժիմը, երբ հանգստյան օրերին մարդն ավելի երկար է քնում, քան սովորական օրերին, կարող է լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Դրանց թվում կարող են լինել շաքարային դիաբետը և սրտանոթային համակարգի հետ կապված հիվանդությունները:










