Եվրոպական տիեզերական գործակալությունն աղբահավաք ռոբոտ կարձակի
Եվրոպական տիեզերական գործակալությունը պատրաստվում է աղբահավաք ռոբոտի միջոցով տիեզերական աղբից մաքրել մթնոլորտը, գրում է space.com-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Երկրի ցածր ուղեծրում՝ 2000 կմ բարձրության վրա, կուտակտվել է ավելի քան 3000 չաշխատող արբանյակ, ինչպես նաև ավելի փոքր չափերով աղբի տասնյակ միլիոնավոր բեկորներ:
Դրանցից յուրաքանչյուրը շարժվում է ժամում մի քանի տասնյակ հազար կիլոմետր արագությամբ, և երբեմն տիեզերական աղբի մասնիկները բախվում են իրար: Չի բացառվում, որ այդ մասնիկները կարող են լուրջ վնասել գործոող արբանյակներին և տիեզերանավերին:
Սա իրական խնդիր է, որը լուծելու համար ԵՏԳ-ն կարձակի փորձարարական ռոբոտ, որը մթնոլորտից կհեռացնի աղբը: Իհարկե, այն միայնակ չի կարող լուծել խնդիրը, սակայն մասնագետները լիահույս են, որ ապագայում այսպիսի շատ ռոբոտներ կգործարկվեն, և գործընթացն առավել արդյունավետ կդառնա:
ClearSpace-1 ռոբոտը կարձակվի 2025թ.: Դրա առաջին թիրախը կլինի Vespa արբանյակը, որը Երկրի մակերևույթից գտնվում է 800 կմ բարձրության վրա և կշռում է 100 կգ:
Առաքելությունը կարժենա 133 մլն դոլար:










