Bentley-ն 24 կարատանոց ոսկուց պատրաստված լեռնային դահուկների եզակի հավաքածու կթողարկի (լուսանկարներ)

02:02 • 14.12.19

Bentley բրիտանական մեքենաշինական ընկերությունը, որը մասնագիտացած է «լյուքս» կարգի ավտոմեքենաների արտադրության մեջ, 24 կարատանոց ոսկուց պատրաստված լեռնային դահուկների եզակի հավաքածու կթողարկի: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է վաճառքի հանել 100 զույգ դահուկ, գրում է Bentley Newsroom-ը։

Հավաքածուն ստեղծվել է Bomber Ski դահուկային ապրանքանիշի համահեղինակությամբ՝ բրիտանական հայտնի ապրանքանիշի 100-ամյա հոբելյանի առթիվ: Հավաքածուի վրա՝ առաջին էսքիզներից մինչև պատրաստի զույգի արտադրությունը, աշխատել են 18 ամիս։

«Bomber-ի և Bentley-ի միջև համագործակցությունը հանգեցրել է բացառիկ դահուկների ստեղծմանը։ Bentley-ի առաջատար դիզայներ Քրիս Քուկը Նյու Յորքում և Իտալիայում սերտորեն համագործակցել է Bomber-ի թիմի ներկայացուցիչների հետ՝ նախնական ուրվագիծը վերջնական արտադրության հասցնելու 18 ամիսների ընթացքում»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդման՝ մեկ զույգ դահուկների պատրաստման համար ծախսվում է 32 ժամ։ Դահուկների վրա առկա է եռաչափ երկրաչափական պատկեր։ Ներդիրները պատրաստված են ոսկուց:

Դահուկների արժեքը, ըստ հաղորդման, կկազմի 3750 դոլար։




Bentley-ն 24 կարատանոց ոսկուց պատրաստված լեռնային դահուկների եզակի հավաքածու կթողարկի (լուսանկարներ)