2019 թվականին բեկումնային ներդրումներ Հայաստան չեն եկել, խայտառակ ցածր թիվ ունենք. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

20:22 • 24.12.19

2019 թվականին էական, բեկումնային ներդրումներ Հայաստան չեն եկել, խայտառակ ցածր թիվ ունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ հավելով, որ 2018 թվականի համեմատ ունենք բավականին տխուր պատկեր:

«Ներդրումները հոսում են և, ցավոք, նաև արտահոսում են, հունվար-սեպտեմբերին ունենք մի պատկեր, որ հոսածի և արտահոսածի տարբերությունն ընդամենը 32 մլրդ դրամ է: Մոտ 460 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում է եկել և մոտավորապես 400 մլն էլ գնացել է: Ստացվում է մարժան, տարբերությունը 65-68 մլն դոլար է: Սա շատ խայտառակ ցածր թիվ է»,-մանրամասնեց նա:

Միքայել Մելքումյանի խոսքով ՝ 2018 թվականի համեմատ ներդրումների ցուցանիշը երկու անգամ ավելի պակաս է:

«Պարզ է, որ ներդրումների հետ կապված հեղափոխական ցուցանիշ չունենք: Ամսական 3,5 մլրդ դրամը զրոյականին մոտ է»,-նշեց նա:

Պատգամավորը խոսքով ՝ 2018 թվականին ներհոսքի և արտահոսքի տարբերությունը եղել է 111 մլրդ, 2017 թվականին՝ 92 մլրդ:

«Եթե սա դնում ենք մի կողմ և նայում ենք բանկային համակարգի միջոցով 2018 թվականին ինչքան հոսք է եղել դեպի դուրս, տեսնում ենք, որ 2017 թվականի համեմատ 200 մլն դոլարով աճել է: Եթե 2017 թվականին արտահոսքը եղել է 989 մլն դոլար, 2018 թվականին 1 մլրդ 188 մլն դոլար: Էս տարի ենթադրաբար դրանից ավել թիվ է լինելու: Նաև ֆիզիկական անձանց արտահոսքը դեպի դուրս կտրուկ շարունակվում է: Ես սա համեմատում եմ արյունահոսության հետ, պետք է կանգնեցնել»,-նշեց նա:

Մանրամասները՝տեսանյութում: