ՆԱՍԱ-ն ցուցադրել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը
ՆԱՍԱ-ի աստղագետները ցույց են տվել Սատուրնի լուսնի՝ Էնցելադի սառցապատ մակերևույթը: Լուսանկարը հրապարակվել է գործակալության պաշտոնական ինստագրամյան էջում:
Լուսանկարին կից հաղորդագրության մեջ նշվում է, որ Էնցելադը ծածկված է սառույցի վառ սպիտակ շերտով: Գիտնականները նշում են, որ արբանյակը մասամբ կարելի է համեմատել Երկրի հետ, թեև դրա լայնությունը կազմում է ընդամենը 500 կմ:
Նշվում է, որ Էնցելադի մակերևույթին շատ հեղուկ աղի ջուր և այլ պարզ օրգանական նոյւթեր կան:
Լուսանկարն արվել է 2015 թվականին Cassini տիեզերական առաքելության շրջանակներում: Գիտնականները մինչ օրս վերծանում և ուսումնասիրում են ստացված տվյալները:
Մասնագետներն Էնցելադն անվանում են Արեգակնային համակարգի ամենահավանական աշխարհներից մեկը, որտեղ կարող է կյանք գոյություն ունենալ:










