Շրի Լանկայի օդանավակայանում ձերբակալել են ուղեբեռում 200 կենդանի կարիճ տեղափոխող չինացի ուղևորին
Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյի օդանավակայանում ձերբակալել են չինացի ճանապարհորդին, որի ուղեբեռում 200 կենդանի կարիճ է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է CNN-ը, 30-ամյա տղամարդը փորձել է մաքսանենգ ճանապարհով կենդանի կարիճներին տեղափոխել Չինաստան: Նա պատրաստվում էր մեկնել Գուանչժոու նահանգ:
Մաքսանենգ «ապրանքի» լուսանկարները տրամադրել է Շրի Լանկայի մաքսային ծառայությունը: Ինչպես երևում է լուսանկարներից, կենդանիներին տղամարդը տեղավորել էր պլաստիկե տարաներում:
Նշվում է, որ կարիճները հավաքվել են Շրի Լանկայի տարբեր շրջաններից: Իշխանություններն ազատ են արձակել ձերբակալված տղամարդուն, երբ վերջինս վճարել է 100 000 շրիլանկյան ռուփիի չափով (552 դոլար) տուգանքը:
Իրավասու մարմինները շարունակում են կատարվածի հետաքննությունը:
Աղբյուրը նշում է, որ կարիճներն օգտագործվում են չինական ավանդական բժշկության մեջ: Բուսաբույժները պնդում են, որ այն կարող է օգտակար լինել մկանային և նյարդային ցավը թուլացնելու համար:










