Եթե «Արտաշատ» ՋՕ-ի տնօրենը չարաշահում է թույլ տվել, թող ազատեն աշխատանքից, քրեական գործ հարուցեն, բայց ուղղակի ասում են՝ չենք ուզում և վերջ. իմքայլական չէ, դրա՞ համար են ազատում. Այգեստանի համայնքապետ

13:40 • 16.01.20

Եթե «Արտաշատ» ՋՕ-ի տնօրեն Ֆրունզ Մարգարյանը չարաշահում է թույլ տվել, աշխատանքային պլանը չի կատարել, այդ դեպքում թող ազատեն աշխատանքից: Նա չի գողացել, նոր մարդ է, ի՞նչ է՝ իմքայլական չէ, դրա՞ համար են ազատում: Այս մասին  «Արտաշատ» ՋՕ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը:

Վերջինս նշեց, որ Մարգարյանն իր աշխատանքը լավ է կատարել, ինքը՝ որպես համայնքի ղեկավար, վերջին երկու տարում նկատել է դրական փոփոխություններ:

«Ես էլ իմքայլական չեմ, երկու տարում իմ նկատմամբ 3 քրեական գործ է հարուցվել: Հասարակության մեջ ավելորդ լարվածություն են ստեղծում: Ինձ թվում է՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին «կուտ են տալիս»: Մարգարյանի մեղքը ո՞րն է: Եթե քրեորեն պատժելի արարք է, թող գործն ուղարկեն ոստիկանություն, թող քրեական գործ հարուցվի, թե չէ ուղղակի ասում են՝ չենք ուզում ու վերջ»,-ասաց Այգեստանի համայնքապետը:

Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում ոռոգման ջուրը գետի պես հոսել է, գնացել Թուրքիա, բայց գյուղացիներին ջուր չեն տվել, Ջրային կոմիտեի համար միևնույն է եղել: «Նրանք ուզում են, որ հասարակությունը բաժանվի «սպիտակների» և «կարմիրների»: Ի՞նչ է՝ այստեղ հավաքվածները հակահեղափոխականնե՞ր են, այդ հիմար լոզունգն ո՞վ է շրջանառության մեջ դրել, որը պառակտում է ազգը-ասաց Հովսեփյանը՝ նշելով, թե սխալ է համարում, երբ ասում են՝ «մերոնցից չես, ուրեմն՝ մեզ հետ չես»:

«Ես էլի եմ ասում՝ հակահեղափոխականներ չկան, իրենք են ստեղծում այդ հակահեղափոխական բաները: Այստեղ ո՛չ քոչարյանամետ են, ո՛չ նիկոլամետ են, սովորական գյուղի մարդիկ են, որոնց պետք է, որ նորմալ աշխատանք լինի: Նախկինները գնացին, նորերը եկան և այդ նորերի քայլերը կատարվում են միայն ժողովրդի՝ նախկինների հանդեպ ատելության հիման վրա: Այդ ատելությունը չի կարելի խորացնել, հասարակությունը չի կարելի այդքան պառակտել: Նույնիսկ հանրապետության նախկին ղեկավարներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ հասարակությունը այնքան չի պառակտվել, ինչպես հիմա»,-ասաց Սոկրատ Հովսեփյանը:

Նշենք, որ «Արտաշատ» ՋՕ-ի վարչական խորհուրդը լուծարվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որոշմամբ: Տնօրենը դեռևս աշխատանքից ազատման ծանուցում չի ստացել: