Վաղվանից Երևան միս չենք բերի, պահանջներ են դրել, որոնց համար պետությունը պայմաններ չի ապահովում. Կառավարության դիմաց անասնապահները բողոքի ակցիա իրականացրին (տեսանյութ)
13 ։ 59
Հունվարի 15-ին շրջանառությունից հանվել է սպանդանոցում մորթի սերտիֆիկատ չունեցող միսը։ N5 ձեւ չունեցող միսը կհանվի շրջանառությունից։ Կսահմանվեն նաեւ պատժիչ միջոցներ այս պահանջը չկատարելու դեպքում: Բակային մորթը կթույլատրվի միայն կրոնական ծեսերի եւ անձնական օգտագործման համար։
Անասնապահները որոշեցին, որ Երևան միս չեն մատակարարի, նրանք պահանջում են կառուցել սպանդանոցներ: Նրանք հայտնեցին, որ բողոքները շարունակական են լինելու, մինչև առավոտյան ժամը տասը կսպասեն կառավարության պատասխանին, իսկ եթե պատասխան չստանան իրենց խնդրիների լուծման վերաբերյալ,ապա կշարունակեն բողոքի ակցիաները:
13:54
Սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանն այս պահին քննարկում է իրականացնում Կառավարությունում, որից հետո առաջարկ կներկայացնեն անասնապահներին:
Վերջիններս նշել են, որ եթե Կառավարությունը հետ չկանգնի իր որոշումից, կա՛մ ոչ մեկը մորթ չի անի, և կդադարեցվի Երևան մսի մատակարարումը, կա՛մ էլ կաշխատեն, ինչպես նախկինում:
Այս պահին ակցիայի մասնակիցները դեռ Կառավարության դիմաց են, և նշում են, որ ցանկալի պատասխան չստանալու դեպքում ավելի մարդաշատ ակցիա կիրականացնեն նաև վաղը:
12:10
Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում անասուն ունեցող գյուղատնտեսները, որոնք նշում են, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։
«Կառավարությունը որոշում է կայացրել, որ սպանդանոցներում պետք է լինեն բոլոր գործողությունները, բայց կառավարությունը տեղյա՞կ է՝ ինչ է կատարվում սպանդանոցներում»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը, մեկ այլ մասնակից էլ հավելեց, թե կառավարության որոշումը ստիպում է, որ վերջ տան անասուն պահելուն:
Գյուղատնտեսներից մեկն էլ ընդգծեց, թե անասունների՝ սպանդանոց տեղափոխելը ևս ծախս է: «Այդ ծախսն ո՞վ պետք է կատարի՝ մենք: 600 կգ-անոց կենդանին ինչպե՞ս պետք է տեղափոխենք սպանդանոց: Թող մեզ հնարավորություն տան, ունենանք փոքր սպանդանոցներ, որտեղ անասնաբույժի ստուգումից հետո կտեղափոխվեն վաճառքի կետեր»:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասաց, թե Կառավարությունը կարող էր գումար տրամադրել, որ սպանդանոցներ կառուցվեին, որ նման խնդիր չառաջանար:
«Եթե ուզում են, որ մաքուր միս լինի, թող գյուղի անասնաբույժների վրա հսկողություն դնեն, մորթվող անասունը ստուգեն, ասեն՝ գյուղատնտեսն իրավունք ունի՞ մորթ անել, վաճառել, թե՞ ոչ»:
Այս պահին ակցիան շարունակվում է:
11:23
Կառավարության մոտ բողոքի ակցիաներ են։ Այստեղ են անասնապահները, որոնք նշում են, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։
Քիչ առաջ Կառավարության դիմաց էին Սևազգեստ մայրերը, որոնք պահանջում էին խաղաղ պայմաններում զոհված իրենց զինվոր որդիների մահվան հանգամանքների արդար քննություն և բացահայտում։
Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անում նաև Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչները, որոնք պնդում էին՝ իրենց համայնքապետը ներգրավված է կոռուպցիոն գործարքներում։ Պահանջում են բացահայտել և պատժել մեղավորներին։
Բողոքի ակցիաներին կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։










