ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին արձանագրությունը վավերացնելու նախագծին ԱԺ-ում դրական եզրակացություն է տրվել
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարկային վարչարարության իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին արձանագրությունը վավերացնելու նախագծին, այս մասին հայտնում է Արմենպրեսը: Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:
Արձանագրությունը միտված է բարեփոխումներ իրականացնելու հարկային վարչարարության ոլորտում, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել կրկնակի հարկային պարտավորություններից, ինչպես նաև կասեցնել հարկային պարտավորություններից խուսափելու փորձերը:
«Արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները փոխանակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների, ինչպես նաև մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի առանձին տեսակների և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն»,-ասել է Փաշայանը:
Տեղեկատվության փոխանակումը կիրականացվի յուրաքանչյուր տարի հաշվետու տարվա արդյունքներով, ինչպես նաև նախորդ տարիների համար ավելի վաղ տրամադրված տեղեկությունների հստակեցման արդյունքներով նախատեսված ժամկետներին համապատասխան: Արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերին Աստանայում՝ այդ ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից:










