Իլոն Մասկը ՆԱՍԱ-ի կողմից մշակվող SLS գերծանր հրթիռը ողբերգություն է անվանել
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ողբերգություն է համարել դեպի Լուսին թռիչք կատարելու նպատակով ՆԱՍԱ-ի կողմից մշակվող SLS գերծանր դասի հրթիռակիրը` բազմակի օգտագործման տարրերի բացակայության պատճառով:
«SLS-ի հիմնական խնդիրն այն է, որ այն բազմակի օգտագործման համար չէ նախատեսված: Սա նշանակում է, որ 1 միլիարդ դոլար արժողությամբ հրթիռը ոչնչացվում է ամեն արձակումից հետո: Հարյուրտոկոսանոց ողբերգություն»,- գրել է գործարարը Twitter սոցիալական կայքի իր էջում:
Ի տարբերություն SLS-ի, SpaceX ընկերության մշակած Falcon Heavy գերծանր հրթիռն ունի բազմակի օգտագործման բլոկեր (երկու կողային և մեկ կենտրոնական), որոնք առաջադրանքի կատարումից հետո վերադառնում են Երկիր:
Սկզբնապես SLS հրթիռի առաջին արձակումը պլանավորվել էր իրականացնել 2017 թվականին: Մշակման ընթացքում տեխնիկական խնդիրների պատճառով այն հետաձգվել է մինչև 2020-2021 թվականները: Այդ ընթացքում Լուսնի շուրջը թռչելու համար նախատեսվում է տիեզերք արձակել Orion անօդաչու տիեզերանավը:










