Աբխազիայում սկսվել է նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման և կուսակցությունների գրանցման գործընթացը

03:34 • 22.01.20

Աբխազիայում մարտի 22-ին անցկացվելիք նախագահական նոր ընտրություններին ընդառաջ՝ չորեքշաբթի մեկնարկել է նախաձեռնող խմբերի և կուսակցությունների գրանցումը, ինչպես նաև երկրի ղեկավարի պաշտոնում թեկնածուների առաջադրումը: Այս գործընթացը կշարունակվի մինչև փետրվարի 11: Այս մասին ТАСС-ին հաղորդել է երկրի ԿԸՀ-ի ղեկավար Թամազ Գոգիան:

Ավելի վաղ Գոգիան հայտարարել էր, որ նախագահական նոր ընտրությունները կանցկացվեն մարտի 22-ին:

«Որոշումն ընդունվել է գրեթե միաձայն»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ Աբխազիայում նախագահական ընտրություններ են անցկացվել 2019-ի ամռանը, սակայն այդ քվեարկության արդյունքները չեղյալ էին հայտարարվել երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին: Ցուցարարներն ու ընդդիմության ներկայացուցիչներն արգելափակում էին նախագահական նստավայրը՝ պահանջելով նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը:

Աբխազիայի խորհրդարանը քվեարկել էր նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին:

Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան հայտնել էր, որ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին որոշում կկայացնի երկրում հասարակաքաղաքական ճգնաժամի հաղթահարումից հետո: