Այսօրվա քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է և տրվում իշխանության գայթակղությանը. տղանե՛ր և աղջիկնե՛ր, գլուխներդ մի՛ կորցրեք, այսօր կաք, վաղը՝ չկաք. Էդմոն Մարուքյան
ԱԺ շենքում գտնվում են մարդիկ, որոնք կարծում են, թե միայն իրենք գիտեն պետական շահը, որ իրենք ամենալավը կարող են այդ շահը սպասարկել, և այդ գլուխը կորցրած վիճակը որևէ լավ բանի չի բերելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի չստեղծվելուն:
«Հասկացանք, որ ժողովրդի վստահությունը վայելում են, բայց մեր ժողովուրդը պետք է իմանա, որ իր վստահությունն այսօր մսխվում է այս մարդկանց կողմից, իրենց գլուխը կորցրել են: էյֆորիայից իրենց կորցնում են: Իշխանությունն ինչ-որ բան է, որ կարող է փչացնել մարդուն, եթե նա կայացած չէ, գայթակղություններին տրվելու որոշակի կամք չունի: Այսօրվա քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է և տրվում իշխանություն ունենալու գայթակղությանը»,-հայտարարեց Մարուքյանը:
Նա նշեց, թե իշխող խմբակցությունը սկսել է միակողմանի սանկցիաներ կիրառել միայն իրեն քննադատող մարդկանց նկատմամբ: «Դա ընդդիմության իրավունքների սահմանափակում է, ոչ թե սահմանափակման փորձ: Այսօր տեղի է ունեցել ընդդիմության խորհրդարանական իրավունքի սահմանադրական խախտում, որը համահունչ չէ ո՛չ իշխանության արժեքներին, ո՛չ տեքստերին, ո՛չ իրենց անցած ճանապարհին, ո՛չ էլ իրենց տրված վստահությանը: Նրանք ոտնատակ են տվել այդ արժեքները»,-ասաց նա, ապա հավելեց.
«7 տարվա պատգամավոր եմ, էլ սեղաններին խփել ենք, էլ տեղից գոռացել ենք, էլ միջամտել ենք, նիստը խանգարել, և չեմ հիշում, որ ընդդիմության նկատմամբ սանկցիա կիրառվեր, այդ թվում՝ իմ, այդ թվում՝ Փաշինյանի ու մյուսների դեմ»:
Մարուքյանը նշեց, թե ցանկանում է սթափության կոչ անել. «Տղանե՛ր և սիրելի՛ աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, այսօր կաք, վաղը՝ չկաք, ձեզ նորմալ պահեք, այն վստահությունը, որ ունեք, չի նշանակում, որ կարող եք ձեր չափը չճանաչել»:
Հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ է տապալվել հանձնաժողովի աշխատանքը, Մարուքյանը պատասխանեց. «Երևի թե Հայկ Մարությանը խնդրել է, ասել է՝ «տղերք և աղջիկներ, ես պրոբլեմներ ունեմ, եթե հանձնաժողովը ստեղծվեց, պրոբլեմներ կունենամ, աջակցեք, մի թիմ չե՞նք», իշխանությունն էլ ասել է՝ «դու պրոբլեմ չունես, կտապալենք»,-ասաց նա:
Անդրադառնալով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը, թե ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասում է Սահմանադրությանը, Մարուքյանը նշեց, որ այն իրավական մտքի սնանկության արդյունք է:
«Մնացել էր Երևանի ավագանին որոշեր՝ խորհրդարանն ինչ սահմանադրական լիազորություններ ունի»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե իշխանականները պնդում են, թե Մարուքյանը շատ է կարոտել հանրապետականներին, և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հորդորին, որ Մարուքյանը սուրճ խմի նրանց հետ, «Լուսավոր Հայաստանի» ղեկավարն արձագանքեց.
«Մարդկային հարաբերությունների մակարդակում բարդույթ չունեմ սուրճ խմելու որևէ մեկի հետ: Ռուբինյանը խնդրել էր Արմեն Աշոտյանի հետ հանդիպում, և հանդիպել Թուֆենկյան հյուրանոցում, սուրճ խմել ու խնդրել, որ աջակցի, ու ՀՀԿ-ն դեմ չլինի, որ իրենք Եվրոպական ժողովրդավարական կուսակցության անդամ դառնան: Սուրճ խմողը ինքն է: Լատենտ սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ: Իր հետ սուրճ չեմ խմում, որովհետև իր հետ հետաքրքիր չէ զրույցը, Ռուբինյանի հետ ի՞նչ խոսես: Եթե ուզում է դա քաղաքական զենք սարքել և կիրառել ինձ վրա, պետք է հիշի, որ վերջերս սուրճ խմածն ինքն է»:
Մարուքյանը տեղեկացրեց նաև, որ կուսակցության խորհուրդը հայտարարություն է պատրաստում, որն այսօր կհրապարակվի:










