26 տարեկան տղաները կայացած մարդիկ են, ընտանիք ունեն. Սերգեյ Բագրատյանը` կերակրողին կորցնելու նպաստի իրավունքը մինչև 26 տարեկան դարձնելու նախագծի մասին

12:42 • 22.01.20

Ազգային ժողովը քննարկում է պետական կենսաթոշակների մասին և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ներկայացրեց, որ գործող օրենսդրությամբ, կերակրողին կորցնելու դեպքում, այն երեխաները, որոնք սովորում են առկա ուսուցմամբ բուհերում՝ կարող են ստանալ կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակ և կերակրողին կորցնելու նպաստ. այդ իրավունքը կարող են պահպանել մինչև 23 տարեկանը: Նա նշեց, որ առաջարկում են, այդ իրավունքը պահպանվի մինչև 26 տարեկանը: «Խոսքը 20-25 հազար դրամի միջակայքում ընկած գումարի մասին է»,-ասաց նա:

Հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ  Սմբատ Սաիյանը նշեց, որ կառավարությունը դեմ է արտահայտվել այս օրենքի նախագծին: «Կառավարության համար շատ կարևոր է նույնիսկ մեկ անձի խնդիր լուծելը, բայց մենք դեմ ենք արտահայտվել հատվածական լուծում առաջարկելուն և այս առումով կառավարությունն առաջարկել է խնդիրը քննարկել բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքի նախագծի շրջանակում»,-ասաց նա և հայտնեց, որ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 26,500 դրամ է կազմում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախ նկատեց, որ նախագիծը «չաշխատած է» և պետք է ներկայացնել թվերով: «Սա հայոց լեզվի ու գրականության շարադրություն չէ, օրենքի նախագիծը պետք է ունենա հստակ թվեր»,-ասաց պատգամավորը և նշեց, որ ինչպես կարելի է ծախսը համարել ոչ սկզբունքային։

«Մենք բյուջեի ավելցուկ ունե՞նք, հիմա որոշել ենք, որ շաբաշներ ենք տալիս: Հարգելիներս, ծննդատուն է փակվում՝ տասնյակ միլիոն դրամ չունենալու պատճառով: Եթե սա կազմում է 360 միլիոն, իմ գործընկերոջ հաշվարկն եմ ասում, որովհետև այլ հաշվարկ չունեմ, կարող եք այդ ծննդատներն աշխատացնել»,-ասաց նա:

Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ 26 տարեկան տղաները լուրջ մարդիկ են, ընտանիք ունեն: «Եթե սովորելու հետ եք կապում, լա՛վ, ես երբ կառավարման ակադեմիայում էի սովորում, 63 տարեկան մարդ կար այնտեղ, գուցե իր թոշակի մասին էլ մտածեք, անպայման ծնողազուրկ կլինի: Վերջապես, մենք չպետք է գնանք մի ճանապարհով, որը  հաշվարկ չունի, դիլետանտի մակադրակով խոսակցություն եք տանում ընկերներ, սենց օրենք է լինու՞մ: Ստիպված պարոն Մելքումյանը սկսեց բազմապատկել թվերը: Խնդրում եմ այս օրենքը հետ տարեք, նորմալ աշխատեք, պարոն Սաիյան նորմալ թվերով ներկայացրեք, չի կարելի այսպիսի վերաբերմունք ունենալ»,-հավելեց Բագրատյանը: