Ապշած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է խոսքի արժեքի վերաբերյալ այդքան անլուրջ մոտեցում ունենալ. սա ժողովրդավարությունից առաջին մեծ hետընթացի արձանագրումն է. Էդմոն Մարուքյան
Այն, ինչ այսօր իշխանությունն անում է, երևի թե առաջին մեծ հետընթացի արձանագրումն է ժողովրդավարությունից, բազմակարծությունից, թափանցիկությունից, և ընդդիմության իրավունքների սահմանափակման առումով նաև կարծում եմ, որ դա շատ մեծ և վատ ավանդույթի սկիզբ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, թե այդ ավանդույթը կարող է դառնալ շարունակական:
«Խորհրդարանն ունի տարբեր մեխանիզմներ և դրանցից մեկն այն է, որ ընդդիմությունն օրինակ՝ կարող է քննիչ հանձնաժողով ստեղծել: Ընդդիմությունը մեկ քառորդ ստորագրություններ է հավաքում, որ ստեղծվի քննիչ հանձնաժողով»,-ասաց Մարուքյանը, նկատի ունենալով՝ Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովը:
Մարուքյանը ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություններից մեկից մի հատված, որում նա նշել էր, որ այդ քննիչ հանձնաժողովը պետք է համարել ստեղծված, քանի որ, ըստ էության կա քաղաքական կամք՝ բոլոր անհայտ կամ կասկածելի իրադարձությունները պարզելու և տպավորություն չգործելու, որ քաղաքական մեծամասնությունը որևէ բան կոծկելու մտադրություն ունի։
«Ես ուղղակի ապշած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է ինքն իր խոսքի արժեքի վերաբերյալ այդքան անլուրջ մոտեցում ունենալ, բայց դե ամեն մարդ ինքը գիտի, իր գործն է, ԱԺ նախագահի դիրքի հարց է, այսինքն՝ այդ դիրքը կա՞, թե՞ չկա: Ամեն մարդ իր գործողություններով ցույց է տալիս՝ այդ դիրքը որքանով է արդյունավետ, և որքանով է լուրջ»,–ասաց Մարուքյանը։
Նա նաև նշեց, թե իրենք սպասել են, որ քննիչ հանձնաժողովի կազմը հաստատվի, իսկ դրա համար ԱԺ-ն պետք է որոշում ընդուներ, որի նախագիծը «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է։
«Օրենքի համաձայն՝ առաջիկա նստաշրջանում պետք է ընդունվի որոշումը. քանի որ մենք դեկտեմբերին ենք նախաձեռնել, նստաշրջանն սկսել է հունվարի 20-ին, պետք է երեկ հաստատվեր կազմը, բայց կազմը հաստատելու փոխարեն 23, թե ավելի պատգամավոր գրանցվում է իշխանությունից, ելույթներ ունենում՝ ասելով, որ իրավունք չունենք քննիչ հանձնաժողով ստեղծելու, լիազորությունների սահմանազանցում է»,-պարզաբանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, թե սա խոսում է այն մասին, որ իշխանության ներկայացուցիչները պատրաստվել էին ելույթներով խեղաթյուրել պրոցեսը:
«Դրանից հետո իշխանական խմբակցության ղեկավարը ելույթ է ունենում՝ ասելով, որ «Իմ քայլը» որոշել է դեմ քվեարկել: Առավոտյան ասում են՝ «Իմ քայլը» չի քվեարկի: Էլի դիրքի լրջության հարց է, դե հիմա երկրում անլրջության շքերթ է, բայց դե բոլորին սթափեցնելու ենք, որ մարդիկ բաներ են խոսում, իրենց խոսքին հետևեն: Տապալեցին որոշման ընդունումն ու հանձնաժողովի ձևավորումը»,-հայտարարեց Մարուքյանը:
Նա ընդգծեց նաև, որ եթե հանձնաժողովը ստեղծվեր, իշխանությունը այդտեղ ունենալու էր 7 անդամ, ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին՝ 4 անդամ: «Մարդիկ վախենում են ստեղծել մի հանձնաժողով, որում իրենք մեծամասնություն են կազմելու: Մյուս կողմից, սա խոսում է այլընտրանքային կարծիք ու խոսք լսելու անհանդուրժողականության մասին»,-ասաց Մարուքյանը:










