Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հեռախոսի հաքերային հարձակման հետևում կանգնած է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը. The Guardian
Ամերիկյան Amazon ընկերության սեփականատեր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսի բջջային հեռախոսի նկատմամբ իրականացված հաքերային հարձակման հետևում կանգնած է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը:
Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը 2018թ. հաքերային հարձակման մասին է, որն իրականացվել է թագաժառանգի անձնական օգտահաշվից WhatsApp-ով Բեզոսին ուղարկված հաղորդագրության միջոցով:
Գաղտնագրված հաղորդագրությունը պարունակել է վնասաբեր տեսաֆայլ, որն էլ «ներխուժել» է միլիարդատիրոջ հեռախոս:
Թվային փորձագիտական վերլուծության արդյունքները վկայում են, որ հաղորդագրության ուղարկումից հետո մի քանի ժամվա ընթացքում Բեզոսի հեռախոսից մեծ ծավալով տվյալներ են վերբեռնվել: Սակայն հայտնի չէ, թե այդ տվյալներն ինչ բնույթի են եղել և հետագայում ինչպես են կիրառվել:
Հայտնի է, որ Բեզոսի հեռախոսի թվային փորձագիտական ուսումնասիրությունը սկսվել է անցած տարեսկզբին, երբ համացանցում են հայտնվել այն ժամանակ դեռ ամուսնացած միլիարդատիրոջ և նրա սիրուհու անձնական նամակներն ու լուսանկարները: Հատկանշական է, որ տեղեկությունն առաջինը հրապարակել է այն ամսագիրը, որի գլխավոր խմբագիրը շատ մտերիմ հարաբերությունների մեջ է թագաժառանգի հետ:
Հատկանշական է, որ այդ ամենը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բեզոսին պատկանող The Washington Post պարբերականն ակտիվ քննարկում էր սաուդցի այլախոհ Ջամալ Խաշոգջիի սպանությունը: Վերջինս թագաժառանգի ամենաակտիվ քննադատներից էր և ըստ արևմտյան հետախուզության տվյալների՝ սպանվել է Բին Սալմանի կարգադրությամբ:










