Սթիվ Ջոբսի ուռուցքաբանը նշել է մեգապոլիսում առողջ ապրելու համար անհրաժեշտ կանոնները

12:11 • 22.01.20

Ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի ուռուցքաբան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Լոուրենս Ջ. Էլիսոնի անվան տրանսֆորմատիվ բժշկության ինստիտուտի հիմնադիր Դևիդ Ագուսը Մոսկվայի քաղաքապետարանի mos.ru կայքին տված հարցազրույցում թվարկել է մեգապոլիսներում առողջության պահպանման համար հիմնական կանոնները:

Բժիշկը խորհուրդ է տվել ժամանակ անցկացնել բնության գրկում, անտառում կամ այգում, ինչպես նաև շատ շարժվել:

«Մենք փաստացիորեն ապրում ենք մկանային կծկումների հաշվին: Այդ պատճառով շարժվելն առողջության համար պարզապես անհրաժեշտություն է»,- ընդգծել է նա:

Ագուսը նաև ընդգծել է հանգստի կարևորության մասին` խորհուրդ տալով օրվա ընթացքում ամենաքիչը կես ժամ տրամադրել դրան: Ըստ նրա` կարդալը կամ պարզապես պատուհանից դուրս նայելն անհրաժեշտ է օրվա ընթացքում կուտակված սթրեսից ազատվելու համար:

Մեգապոլիսում ապրելու ևս մի կարևոր սկզբունք է ռեժիմին հետևելը: Խորհուրդ է տրվում օրական երեք անգամ սնվել: Թեթև նախուտեստը կարող է փոխել օրգանիզմի նյութափոխանակությունը:

«Որպես հետևանք` ավելորդ քաշ է առաջանում, նվազում է ուղեղի ակտիվությունը»,- հստակեցրել է Ագուսը:

Բժիշկը նաև հիշեցրել է, որ անհրաժեշտ է ամեն օր քնել և արթնանալ նույն ժամին: