Իրանի հարավ-արևմուտքում սպանվել է «Բասիջ» աշխարհազորային ջոկատի հրամանատարը
Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում հունվարի 22-ին սպանվել է երկրի ազգային «Բասիջ» աշխարհազորային ջոկատի հրամանատարը: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը` հղում անելով իրանական Երիտասարդ լրագրողների ակումբին:
Նշվում է, որ սպանվածն Աբդոլհոսեին Մոջդամին է, որը զբաղեցնում էր Շադեգանի շրջանի Դարհովինի «Բասիջ» ջոկատի հրամանատարի պաշտոնը: Զինվորականը գնդակահարվել է առավոտյան` անհայտ զինված անձանց կողմից, իր տան մոտ: Տեղի իշխանությունները պատահարից մի քանի ժամ անց տեղեկացրել են, որ հանցագործները ձերբակալված են:
Ազգային «Բասիջ» աշխարհազորային ջոկատը կամավորների կիսառազմական կազմակերպություն է, որը զբաղվում է օրենքի և կրոնական նորմերի պահպանման վերահսկողությամբ: Ջոկատը ներառված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում: Ոչ հստակ գնահատականներով՝ «Բասիջ» ջոկատի թվաքանակը հասնում է 3-4 մլն մարդու:










