Հարիի և Մեգանի հեռանալուց հետո Քեյթ Միդլթոնը սկսել է ակտիվ գործունեություն ծավալել. նա շրջագայում է երկրով (լուսանկարներ, տեսանյութ)
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը «Հինգ հարց հինգ տարեկանից փոքր երեխաների մասին» խորագրով նախաձեռնության շրջանակում ճամփորդում է երկրով` երեխաների դաստիարակման շուրջ մարդկանց մտածելակերպի վերաբերյալ հարցում իրականացնելու նպատակով, հայտնում է Reuters գործակալությունը:
«Ցանկանում եմ լսել այն հիմնական խնդիրները, որոնք ազդում են մեր ընտանիքների և համայնքների վրա, որպեսզի կարողանամ աշխատանքս ուղղել ամենաանհրաժեշտ բաների վրա: Ես ձգտում եմ ապագա սերունդների համար կայուն ու երկարատև փոփոխություններ իրականացնել»,- ասել է դքսուհին:
Քեմբրիջի դքսուհին «Հինգ հարց հինգ տարեկանից փոքր երեխաների մասին» խորագրով նախաձեռնության մեկնարկը տվել է կենտրոնական Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում: Նա նախաձեռնության շրջանակում պետք է այցելի Քարդիֆ, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Սուրրեյ կոմսություն:
Մինչ լրատվամիջոցները քննարկում են Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա կնոջ` Մեգան Մարքլի` թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու մասին որոշումը և դրան հաջորդող իրադարձությունները, Քեմբրիջի դուքս Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլթոնը շարունակում են կատարել իրենց պարտականությունները և է՛լ ավելի մեծ թափով են ներգրավվում պետական աշխատանքներում, նախաձեռնություններում, գրում է լրատվամիջոցը:






















