Պրահայի ավտոթունելներից մեկում 1,6 մլն դոլարանոց Lamborghini Aventador է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)

14:16 • 22.01.20

Լյուքս դասի սուպերքարերը համալրված են գերհզոր շարժիչներով, որոնք մեծ ծավալով տաքություն են արտադրում և չափազանց խոցելի են կրակի նկատմամբ, գրում է luxurylaunches.com կայքը՝ մանրամասնելով, որ վերջերս Պրահայում Lamborghini Carbonado Aventador մեքենա է այրվել:

Դեպքը տեղի է ունեցել Պրահայի ավտոթունելներից մեկում: Mansory ավտոատելյեի մասնագետների ջանքերով կատարելագործված փոխադրամիջոցը 1250 ձիաուժ հզորությամբ երկտուրբո շարժիչի արձակած ահռելի տաքության պատճառով հրկիզվել է՝ թանկարժեք մեքենան վերածելով մետաղի ջարդոնի:

Նշվում է, որ սովորական Aventador-ը համալրված է 690 ձիաուժ հզորությամբ շարժիչով և ավելի քիչ տաքություն է արտադրում:

Մասնագետները պարզել են, որ հրդեհը տեխնիկական խոտանի հետևանք է. այն պատճառել է 220 000 դոլարի վնաս՝ չնայած որ տվյալ մոդելի գինը մի քանի անգամ ավելի բարձր է:

Աղբյուրը մանրամասնում է, որ 1,6 մլն դոլար արժողությամբ Carbonado Aventador-ներն արտադրվել են վեց օրինակով. դրանցից մեկն արդեն այրվել է:

 

Տեսանյութը` այստեղ: