Լիբանանում կառավարության կազմի հաստատումից հետո վերսկսվել են բողոքի ակցիաները
Լիբանանի նախագահ Միշել Աունի կողմից վարչապետ Հասան Դիաբի գլխավորությամբ կառավարության նոր կազմը հաստատելուց հետո Բեյրութում բողոքի նոր ալիք է սկսվել, գրում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ երիտասարդների բազմությունը մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, հարձակվել է ոստիկանական պատի ուղղությամբ: Իրավապահների ուղղությամբ քարեր և ճայթռուկներ են նետել: Ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցաններ:
Ցուցարարների խմբերը քաղաքի տարբեր հատվածներում փողոցները փակել են այրվող անվադողերով: Այժմ ուժայինները փորձում են բացել փակ փողոցներն ու վերականգնել խաղաղ դրությունը:
Հիշեցնենք, որ Լիբանանի նախագահ Միշել Աունն այսօր հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը, որը կգլխավորի Հասան Դիաբը:
Նախարարների կաբինետը, որը պետք է Լիբանանը հանի ֆինանսատնտեսական սուր ճգնաժամից, կազմված է 20 տեխնոկրատ նախարարներից՝ ներառելով և՛ քրիստոնեական, և՛ մահմեդական ներկացուցիչների:
Երկրում առաջին անգամ ՊՆ ղեկավար է նշանակվել կին պաշտոնյա՝ Զենա Աքրը: Նա զբաղեցնում էր կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը:










