Երաշխավորում եմ՝ Կառավարությունն իր բոլոր լծակներից կօգտվի, որպեսզի թե՛ Գեորգի Կուտոյանի, թե՛ Հայկ Հարությունյանի գործերը մինչև վերջին դետալը բացահայտվեն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

18:41 • 22.01.20

ԱԱԾ նախկին տնօրենի մահը շատ ցավալի դեպք է, եթե չեմ սխալվում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Այս մասին ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Կարապետյանի դիտարկմանը, թե ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքը հասարակության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացրել, նաև որոշ շրջանակների շահարկման առարկա դարձել:

Վարչապետը նշեց, որ հիմնական վարկածը, որ այսօր քննվում է, ինքնասպանության հասնցելն է: «Կարծում եմ, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները, նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որ ճշմարտությունը 100 տոկոսով բացահայտվի: Ես էլի ասել եմ ու ասում եմ՝ երաշխավարում եմ, որ Կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որ այս գործը, ինչպես նաև մնացած բոլոր գործերը, մինչև վերջին դետալը բացահայտվեն»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ աղմուկ են բարձրացրել, թե Կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

«Վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորությունը, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը և ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստին և հուղարկավորության արարողությանը, մասնակցել է նաև անվստահության խորհրդի քարտուղարը՝ որպես Կառավարության ու վարչապետի ներկայացուցիչ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին»,- նշեց նա:

Վարչապետը հարց հնչեցրեց, թե ուրիշ ինչ պետք է աներ Կառավարությունը. «Էլ չեմ ասում՝ իսկ ինչո՞ւ այդ նույն մարդիկ նույն հարցը չեն բարձրացրել, երբ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ կապված էր դեպք տեղի ունեցել: Այսինքն՝ նրանք վերաբերմունքի տարբերություններ ունե՞ն: Մեզ համար նրանք նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում, այդ պաշտոնյաները պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջաններում, և մենք պատշաճ, ինչ-որ պետք է արվեր, արվել է և անիմաստ եմ համարում այդ քննարկումները»,- եզրափակեց նա: