Հայտնի է, թե երբ ռուսաստանցի բժիշկներին կհաջողվի Չինաստանում տարածված վտանգավոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել

05:17 • 22.01.20

Չինաստանում համաճարակի պատճառ դարձած վտանգավոր կորոնավիրուսի պատվաստանյութը Ռուսաստանում կպատրաստեն ոչ շուտ քան կես տարուց: Դա նաև ֆինանսական զգալի ծախսեր կպահանջի, հայտնում է Известия-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

«Պատվաստանյութ պատրաստելն այդքան էլ դժվար չի լինի, քանի որ վարակը պահպանողական է: Արդեն հերթականացվել են 16 նուկլեոիդների հաջորդականություններ, և դրանք միմյանցից չեն տարբերվում»,- հայտնել է նախարարության Ռազմավարական պլանավորման կենտրոնի տեղակալ Գերման Շիպուլինը:

Շիպուլինն ընդգծել է, որ պատվաստանյութի ստեղծումը պետք է դառնա առաջնային խնդիր, քանի որ հայտնի չէ, թե ռուսաստանցիներն ինչպես կդիմակայեն դրան, եթե վարակը հասնի նաև այստեղ: Իր խոսքով՝ դա կախված է գենետիկայից, իսկ պատվաստանյութի ստեղծումը կարող է փրկություն դառնալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանում տարածվող նոր տեսակի կորոնավիրուս են ախտորոշել Չինաստանից Միացյալ Նահանգներ մեկնած մարդու մոտ:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին, հիվանդության դեպքը գրանցվել է Վաշինգտոն նահանգում: Հեռուստաալիքի աղբյուրը, որը ծանոթ է իրավիճակին, հայտնել է, որ կենտրոնն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ:

Նորագույն անհայտ տեսակի վիրուսով, որն առաջին անգամ ի հայտ է եկել դեկտեմբերին Չինաստանի Հեբեյ Ուհան քաղաքում, արդեն 300-ից ավելի մարդ է վարակվել: Վեց մարդ մահացել է: Վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել 5 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ նախօրեին չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում: