«Սոմալին մեզ հրավիրում է իր ջրային տարածքում նավթ որոնելու». Էրդողան

17:35 • 22.01.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սոմալին Թուրքիային հրավիրում է իրեն պատկանող ջրերում նավթի որոնման աշխատանքներ կատարելու: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը:

«Այս պահին մենք Սոմալիից առաջարկ ունենք: Մեզ ասում են. «Մեր ջրերում նավթ կա: Լիբիայում այդ աշխատանքը կատարում եք, մեզ մոտ էլ կարող եք կատարել»,-պատմել է Թուրքիայի նախագահը:

«Մարդիկ առաջ գալիս էին մեզ մոտ, ասում էին` Սև ծովում նավթ կա, առաջարկում էին որոնողական աշխատանքներ կատարել: Ասում էին, եթե գտնեն, 50%-ն իրենք կարդյունահանեն, 50%-ը` մենք: Չգտան: Լավ կլիներ, որ գտնեին ու մենք այն ժամանակվանից սկսեինք այդ գործով զբաղվել: Բայց ամեն դեպքում այնպես եղավ, որ մենք էլ «տանտեր» դարձանք: Հիմա ունենք 2 հորատող նավ, 2 սեյսմիկ հետախուզական նավ: Աշխարհն էլ անընդհատ ուզում է վարձակալել այդ նավերը»,-ասել է թուրք առաջնորդը:

Էրդողանը հիշեցրել է նաև, որ նախկինում Թուրքիան ոչ մի նմանատիպ նավ չուներ: