Telegram-ի ստեղծողը iCloud ծառայությունը «լրտեսման գործիք» է անվանել

10:49 • 22.01.20

Telegram հաղորդագրային ծառայության ստեղծող Պավել Դուրովը հայտարարել է, որ ամերիկյան Apple ընկերության տվյալների պահպանման iCloud ամպային ծառայությունն իրականում «լրտեսման համար նախատեսված գործիք է»:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, միլիարդատերն այս մասին գրել է իր Telegram-ալիքում՝ մեկնաբանելով ընկերության՝ iCloud-ի տվյալների պահուստային օրինակների գաղտնագրումից հրաժարվելու որոշումը:

«Այժմ iCloud-ը պաշտոնապես հանդիսանում է լրտեսման գործիք: Հավելվածները (օրինակ՝ WhatsApp), որոնք օգտագործում են այն ձեր անձնական հաղորդագրությունների պահպանման համար, այդ խնդրի մի մասն են»,-գրել է Դուրովը:

Օրերս հաղորդվել էր, որ Apple-ի օգտատերերը հնարավորություն չեն ունենա իրենց բոլոր հաղորդագրությունների պահուստային օրինակներն ամբողջությամբ թաքցնել iCloud-ում, քանի որ նամակների ամբողջական գաղտնագրումը կարող է խոչընդոտել Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատանքին:

Մինչդեռ երկու տարի առաջ Apple-ը ՀԴԲ-ին հայտնել էր օգտատերերին iCloud-ում գտնվող տվյալների գաղտնագրման հնարավորություն տրամադրելու մտադրության մասին: Այդ դեպքում օգտատերերը կկարողանային իրենց տվյալները պաշտպանել հաքերային հարձակումներից: Միևնույն ժամանակ, նույնիսկ Apple-ը չէր կարողանա հասանելիություն ստանալ գաղտնագրված տվյալներին ու դրանք դատարանի որոշմամբ իշխանություններին փոխանցել:

Հավանաբար, ընկերությունը չի ցանկանում մեղադրվել հանցագործներին պաշտպանելու համար, ուստի՝ որոշել է հրաժարվել iCloud-ի տվյալների գաղտնագրումից:

 

Telegram-ի ստեղծողը iCloud ծառայությունը «լրտեսման գործիք» է անվանել