Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքից վերջին ինքնաթիռը ժամանել է Սիդնեյ (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքից հարյուրավոր ուղևորներ օդանավով ժամանել են Ավստրալիայի Սիդնեյ քաղաք, հայտնում է Daily Mail պարբերականը:
China Eastern flight ավիաընկերության A332 օդանավի 234 ուղևորները 10 ժամ տևող թռիչքից հետո Սիդնեյի օդանավակայանի ժամանման սրահ հասնելուն պես դիմակներ են կրել:
Սա 11 միլիոն բնակչություն ունեցող քաղաքից մեկնող վերջին օդանավն էր, դրանից հետո կարանտինի սահմանման մասին է հայտարարվել, և արտագնա բոլոր գնացքներն ու օդանավերի չվերթները չեղարկվել են:
Ուղևորները նախքան օդանավ բարձրանալը ստուգումներ են անցել, իսկ օդանավի ժամանելուց հետո օդաչուները խնդրել են, որ ուղևորները վատ ինքնազգացողության դեպքում տեղեկացնեն անձնակազմին:
Օդանավակայանում բժիշկների և բուժքույրերի խումբ է աշխատել, որոնք ուղևորներին հարցրել են մրսածության ախտանշանների մասին: Չափվել են նաև վերջիններիս մարմնի ջերմաստիճանները, ինչպես նաև հատուկ տեղեկատու թռուցիկներ են բաժանվել կորոնավիրուսի, դրանից պաշտպանման, ախտանշանների, հայտնաբերման դեպքում ձեռնարկվելիք քայլերի մասին:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակով վարակված մարդկանց թիվը շարունակում է ավելանալ: Այժմ հաղորդվում է 571 մարդու վարակման մասին, որոնցից 95-ը գտնվում են ծանր վիճակում:
Նշվում է, որ հունվարի 22-ին արձանագրվել է հիվանդության նոր վարակման 131 դեպք: Բոլոր մահացածները, որոնց թիվը 17 է, 65 տարեկանից բարձր մարդիկ են: Վարակման դեպքեր են արձանագրվել Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում: Բժիշկները հետևում են ևս 4928 մարդու, որոնք շփում են ունեցել հիվանդների հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:
Հիվանդության մասին առաջին տեղեկությունները ստացվել են 2019-ի դեկտեմբերին: Նոր վիրուսն սկսել է տարածվել Չինաստանի Ուհան քաղաքում, որն այս պահին ժամանակավոր մեկուսացված է: Ավելի վաղ հաստատվել է, որ հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդուն:



















