2 ժամը՝ 100 դոլար. Կանադայում Huawei-ի ղեկավարի ազատ արձակումը պահանջող ցուցարարներն իրականում վարձու դերասաններ են եղել

12:51 • 23.01.20

Կանադայում չինական Huawei հեռահաղորդակցային ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի աղմկահարույց ձերբակալման ֆոնին նրան ազատ արձակելու կոչով հանդես եկած ցուցարարներն իրականում վարձու դերասաններ են եղել, գրում է The Guardian-ը:

Ավելի քան տասնյակ ցուցարարներ անցած երկուշաբթի Վանկուվերի դատարաններից մեկի մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ազատ արձակել Մենին: Այժմ պարզվել է, որ երկու ժամանոց ցույցին մասնակցելու համար նրանցից յուրաքանչյուրը 100 կանադական դոլար է ստացել:

Այս մասին հայտնի է դարձել, երբ կեղծ ցույցի մասնակիցներից մեկը ֆեյսբուքյան գրառում է արել և խոստովանել, որ իրենց խաբել են՝ ասելով, որ իրենք մասնակցելու են ֆիլմի նկարահանման: Սակայն դատարանի շենքի մոտ գալուց որոշ ժամանակ անց կինը հասկացել է, որ իրեն խաբել են, և որ ինքն իսկական ցույցի է մասնակցում:

Նույնպիսի պնդմամբ է հանդես եկել մեկ այլ դերասան՝ մանրամասնելով, որ նախքան այդ գաղափար անգամ չի ունեցել Մենի մասին:

Առայժմ հայտնի չէ՝ ով է հավաքել դերասաններին. Huawei-ի խոսնակը հերքել է ցույցին առնչություն ունենալու կասկածները:

Աղբյուրը հավելում է, որ Կանադայում մի քանի օր է` շարունակվում է Մենի գործով դատավարությունը: Կինը մեղադրվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների միտումնավոր խախտման համար և կարող է Միացյալ Նահանգներ արտաքսվել: Չինուհու փաստաբանական թիմը փորձում է ամեն գնով խուսափել ԱՄՆ արտահանձնումից: Մենը ձերբակալվել է 2018թ. դեկտեմբերի 1-ին՝ Վանկուվերի միջազգային օդանավակայանում՝ Միացյալ Նահանգների իշխանությունների խնդրանքով: