Մեքսիկայի հարավում 6 տարեկանից բարձր երեխաներին զինել են` հանցագործներից պաշտպանվելու համար
Մեքսիկայի Գերերո նահանգի Ալկոսական համայնքի բնիկ ժողովուրդների տեղական իշխանությունների շրջանային խորհուրդը ներկայացրել է 6-ից 15 տարեկան 19 տղաներից կազմված խումբ, որոնք սովորել են զենքի հետ վարվել` իրենց ընտանիքներն ու գյուղերը շրջանային հանցագործների խմբերից պաշտպանելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Անչափահասները սովորել են զենք օգտագործել, որովհետև ակնհայտ է դարձել, որ կառավարությունը հնարավորություններ կամ հետաքրքրություն չունի բնիկ ժողովուրդներին հանցագործ խմբերից պաշտպանելու համար»,- հայտարարել է կազմակերպության խորհրդական Բերնարդինո Սանչես Լունան:
Ինչպես տեղեկացրել են համայնքային ոստիկանության ներկայացուցիչները, զենք օգտագործել կթույլատրվի միայն 12 տարեկանից բարձր երեխաներին, որոնց պատրաստությունը պետք է տևի մի քանի ամիս, իսկ ավելի փոքր երեխաները պետք է մարզվեն փայտերով:
«Երբեմն երեխաները գնում են դաշտ` կենդանիներին արածացնելու, և այնտեղ հանցագործների են հանդիպում, այնպես որ ավելի լավ կլինի, որ երեխաները կարողանան պաշտպանել իրենց և կրտսերներին»,-ավելացրել է Սանչեսը:
Համայնքային ոստիկանության համազգեստով երեխաները` զինված հրացաններով, վարժություններ են ցուցադրել զենքով, ինչից հետո երթով անցել են շրջանի կենտրոնական փողոցով, որտեղ 5 օր է, ինչ շարունակվում են տեղի բնակիչների ցույցերը:
Հունվարի 17-ին հանցագործները այս շրջանում երկու ավտոմեքենա էին այրել, ինչի հետևանքով մահացել էր տեղի երաժշտական խմբի 10 անդամ:
Los Ardillos խմբավորման կողմից հարձակումներն այս շրջանում շարունակվում են ավելի քան 5 տարի, նրանց հարձակումների զոհ են դարձել տեղի քաղաքական առաջնորդն ու հայտնի ռեժիսոր:
Համայնքի բողոքի ակցիաներին, որոնց ֆոնին անցկացվել է երեխաների ռազմական շքերթը, մասնակցում է շուրջ 2500 մարդ, որոնք փակել են հիմնական ճանապարհը, պահանջում են ազգային գվարդիայի 2 ստորաբաժանում տեղակայել իրենց շրջանում և ռազմական հոսպիտալներից ու դատաբժշկական կենտրոններից վերադարձնել սպանված երաժիշտների մարմինները:










