Չեչնիայում նախարարը հավանություն է տվել Ղուրան ընթերցելով նույնասեռականության «բուժմանը»

10:57 • 23.01.20

Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության հարցերով նախարար Ջամբուլաթ Ումարովը հայտարարել է, որ Ղուրան ընթերցելը բուժիչ է: Այսպես նախարարը «360» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է վերջերս մեծ աղմուկ հանած չեչենուհու հայտարարությունը, որում աղջիկը մեղադրել էր հորն իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման դեմ պայքարելու նպատակով մահակով ծեծելու և Ղուրան կարդալու համար: 

Ումարովի խոսքով` «որոշակի տարածքում, իրավիճակում Ղուրանի ընթերցումը, իրապես, մտնում է ավանդական իսլամական բժշկության թերապիայի մեջ»:

Միևնույն ժամանակ, նախարարը բացառել է «մահակով ծեծը, կտտանքները և նմանատիպ այլ երևույթներ` նշելով, որ դրանք հակառակորդների կողմից են հորինվում, որոնք մեծ հաճույքով են այս թեման շոշափում»:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի 22-ամյա բնակչուհի Ամինաթ Լորսանովայի հայրը բազմիցս ծեծի է ենթարկել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող դստերն ու Ղուրան կարդացել նրա համար` նրա միջից «ջինին» հանելու համար: Համապատասխան բողոքով աղջիկը ներկայացել է ՌԴ Քննչական կոմիտե:

Ըստ Լորսանովայի` 2018-ին նրան երկու անգամ անօրինական կերպով տեղափոխել են հոգեբուժարաններ, որտեղ աղջիկը, իբր, խոշտանգումների ու կտտանքների է ենթարկվել:

«Բուժման» ընթացքում մի քանի անգամ աղջկա հայրը «մահակով վտարել է ջինին», ինչպես նաև կապել է ոտքերը, ժապավենով փակել բերանը և հանգստացնող ներարկումներ արել:

«Եթե անձի պահվածքը չի համապատասխանում Չեչնիայում համընդհանուր քարոզչությամբ ձևավորված նեո-ավանդական բարոյականությանը, ապա հայտարարվում է, որ ջիներն են տիրում այդպիսի մարդուն: Չեչնիայում ջիների արտաքսմանը հասնում են ոչ միայն այլընտրանքային բժշկության, այլ նաև քվազի բժշկական կենտրոնների միջոցով»,- հայտնել է Ռուսաստանի ԼԳԲՏ ցանցի ներկայացուցիչ Վերոնիկա Լապինան: