Նիկոլ Փաշինյանն իր խոստումը չի կատարում, հեղափոխությունից 2 տարի անց մեր որդիների սպանությունները չեն բացահայտվում. որդեկորույս ծնողներ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոստումը չի կատարում, հեղափոխությունից երկու տարի է անցել, սակայն մեր որդիների սպանությունները չեն բացահայտվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեցին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող սևազգեստ մայրերը, որոնց որդիները բանակում զոհվել են խաղաղ պայմաններում:
«Նիկոլ Փաշինյանը պետք է սթափվի ուժայիներին փոխի: Քանի Արթուր Դավթյանը գլխավոր դատախազ է, քանի դեռ գործերը նույն վարկածներով են քննվում, այդ գործերը չեն բացահայտվելու»,- նշեց 2007 թվականին ծառայության ժամանակ մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:
Նա պնդեց, որ մինչ այժմ չեն կարողանում հիմնավորել էլեկտրահարման հետևանքով մահանալու վարկածը: Նա շարունակում է պնդել, որ որդու սպանության հետ կապ ունի ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը:
«Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը 12 տարի հետո հայտարարել է, որ ստուգել են, սակայն կապ չունի, գրավոր փաստաթղթով հերքում չեն տրամադրել: Իմ երեխուն գտել են Բաղմանյանի թիկնապահների նստավայրի պատուհանի տակ»,- նշեց նա:
2013-ին խաղաղ պայմաններում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանն էլ ընդգծեց, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ եթե գործերը չբացահայտվեն, դրանք կտեղափոխվեն ԱԱԾ վարույթ. արդեն մոտ 2 տարի է անցել, սակայն իրենց որդիների մահվանն առնչվող գործերում որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել, ոչ էլ գործերը տեղափոխել են ԱԱԾ:
«Ես ասում եմ՝ հեղափոխությունը չի եղել, եղել է անձերի փոփոխություն, եթե հեղափոխություն լիներ մենք այստեղ այլևս չէինք լինի, մեր որդիների գործերը կբացահայտվեին, ինչպես խոստացել էին: Քրեական գործը սկզբից մինչև վերջ կեղծ է, նախկինում կատարված հանցագործությունները շարունակվում են: Էսօր տվել են, որ գործը նույն հանցագործը բացահայտի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում










