Ավստրալական Կարմիր խաչը հրդեհների մարման համար հանգանակված գումարից 11 մլն ավստրալական դոլար է հատկացրել «վարչական ծախսերի» համար (լուսանկարներ, տեսանյութ)

12:02 • 23.01.20

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավստրալական ծառայության տնօրենը հայտարարել է, որ Ավստրալիայում անտառային հրդեհների մարման համար հանգանակված գումարից մոտ 11 միլիոն ավստրալական դոլարը կօգտագործվի «վարչական ծախսերի» համար, հայտնում է Daily Mail պարբերականը:

Ավստրալիայում վերջին ամիսներին մոլեգնող անտառային հրդեհների մարման և դրա հետևանքները մեղմելու նպատակով ամբողջ աշխարհից հանգանակությունները մոտ 115 միլիոն ավստրալական դոլար են կազմում:

Ավստրալական ծառայության տնօրեն Նոել Քլեմենթսը նշել է, որ հանգանակված յուրաքանչյուր դոլարի 10 տոկոսը պահվում է «վարչական» ծախսերը հոգալու նպատակով:

Հիմնականում գումարը նախատեսվել է դիմումների մշակման, դրանց հնարավորինս արագ կիրառման և օրինական, իրավաբանական բոլոր պահանջներին համապատասխանելու համար:

«Թիմեր ունենք, որ զանգահարում են մարդկանց` այդ դիմումներով աջակցության համար, դա է հիմնական ծախսը»,- նշել է նա:

Կարմիր խաչը նախատեսում է նաև 10 000-20 000-ական դոլար վճարել հրդեհներից տուժածներին:

Քլեմենթսի խոսքով` ամեն բան արվում է դիմումների ճշգրիտ և արագ կազմման և խաբեության ռիսկը նվազագույնի հասցնելու համար: 

Տեղեկությունների համաձայն` գումարի հիմնական մասը, ի վերջո, կուղղվի անտառային հրդեհների հետևանքով զոհվածների ընտանիքներին, ուստի այժմ ապագա աղետների համար հատուկ գումար չի պահվում:

«Սա հրդեհների համար է նախատեսված, այլ ոչ թե այլ աղետների»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Australia has been battling through one of the worst bushfire disasters, with the death toll sitting at 29 for the season. Pictured: Bushfires on the NSW south coast