«Վերադարձրե՛ք մեր նախկին կյանքը». հազարավոր հույն ցուցարարներ պահանջում են երկրից վտարել փախստականներին (լուսանկարներ, տեսանյութ)
Հազարավոր հույն ցուցարարներ երկրի իշխանություններից պահանջում են հունական կղզիներից հեռացնել բազմաթիվ փախստականների՝ պատճառաբանելով հանցավորության մակարդակի զգալի աճը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը Լեսբոս, Սամոս և Քիոս կղզիների մասին է: Դրանց բնակիչներն ի նշան բողոքի համընդհանուր գործադուլ են հայտարարել, փակվել են խանութները, դադարեցվել է հանրային ծառայությունների մատուցումը, կենտրոնական հրապարակներում հանրահավաքներ են կազմակերպվում:
«Ուզում ենք հետ ստանալ մեր կղզիները, վերադարձնել մեր նախկին կյանքը»,-բղավում են հավաքվածները:
Ցուցարարներից մեկը բողոքել է, որ փախստականների գալուց հետո Լեսբոս կղզու բնակիչները մութն ընկնելուց հետո չեն կարողանում միայնակ փողոց դուրս գալ, մարդկանց վրա հարձակվում են:
Աղբյուրը մանրամասնում է, որ փախստականների ամենամեծ ճամբարը հենց Լեսբոսում է: Հատկանշական է, որ ընդամենը 2840 հոգու համար նախատեսված ճամբարում այժմ գտնվում է ավելի քան 19 000 մարդ:
Հունաստանի իշխանությունները մտադիր են այս կղզիներում ավելի մեծ ճամբարներ կառուցել: Սակայն տեղի ինքնակառավարման մարմինները պատրաստվում են Աթենք գնալ ու իրենց բողոքը կառավարությանը ներկայացնել:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2019թ. Թուրքիայից Հունաստան է գնացել մոտ 75 000 փախստական:



















