Թուրքիայի Կայսերի քաղաքում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ, լուսանկարներ)

14:52 • 23.01.20

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին 1915 թվականից ի վեր օգտագործվել է որպես պահեստ, մարզասրահ, ցուցասրահ և ոստիկանական բաժանմունք, իսկ այժմ քաղաքային իշխանությունների որոշմամբ այն վերածվել է գրադարանի: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:

2012 թվականին շենքի կառավարման իրավասությունները 25 տարով անցել են Կայսերիի քաղաքապետարանին: Շենքում կատարվել են վերականգնման աշխատանքներ, ինչից հետո այն իր դռներն այցելուների առաջ բացել է որպես քաղաքային գրադարան: Այստեղ ընթերցողները կարող են գտնել 25 000 միավոր տպագիր, 22 000 միավոր էլեկտրոնային և 3000 միավոր աուդիո տարբերակով գիրք:

Գրադարանի բացմանը ներկա են եղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեթ Միսբահ Դեմիրջանը, Կեսարիայի նահանգապետ Շահմուս Գյունայդընը, քաղաքապետ Մեմդուհ Բյույուքքըլըչը և այլ պաշտոնյաներ: Կեսարիայի քաղաքապետի հաղորդած տվյալների համաձայն` 6 օրում գրադարանից օգտվել է ավելի քան 60 000 այցելու:

Կեսարիայի հայկական եկեղեցին կառուցվել է 1835-1838 թվականներին:

Եկեղեցու պատերին արված որմնանկարներն ու ձեռագրերը, որոնք ավելի վաղ ծածկվել էին գաջի շերտով, այժմ մասնակիորեն վերականգնվել են:

 

Կեսարիայի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին մինչ գրադարանի վերածվելը