Չինաստանում ևս մեկ քաղաք կանգնած է նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման շեմին. հիվանդության առաջին դեպքն է հաստատվել նաև Սինգապուրում
Սինգապուրը հաստատել է, որ երկրում գրանցվել է Չինաստանում տարածվող նոր կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Սինգապուրյան աղբյուրի հաղորդմամբ՝ վիրուսը հայտնաբերվել է 66-ամյա չինացու մոտ: Նրա որդին ևս հետազոտություն է անցնում՝ պարզելու համար հիվանդության առկայությունը կամ բացակայությունը:
Մեկ այլ կին, որը նույնպես Չինաստանից է ժամանել Սինգապուր, հետազոտվում է, նրա մոտ նույնպես կասկածում են վիրուսի առկայություն, սակայն դեռ չեն հաստատել:
Բացի այդ, հաղորդվում է, որ Չինաստանում ևս մեկ քաղաք կանգնած է համաճարակի բռնկման վտանգի առաջ: 11 մլն բնակչություն ունեցող Ուհանից բացի, որտեղից սկսվել է վիրուսի տարածումը, համաճարակ կարող է բռնկվել նաև 6 մլն բնակչություն ունեցող Հուանգանում:
Երկրի ողջ տարածքում հիվանդության հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալների համաձայն 17 է, իսկ հիվանդության կրողներինը՝ ավելի քան 500:
Երկրի տարբեր շրջաններում հերթեր են գոյանում բժշկական դիմակներ ձեռք բերելու համար: Հեռուստատեսությամբ լուրերի մեկնաբանները ևս աշխատում են դիմակներով:
Վիրուսով հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում, Հոնկոնգում, Թայվանում:











