«Էրեբունի պլազա» մուտք գործած անձը զենքը պահել է հղի կնոջ վրա, մեկին պատանդ է վերցրել, պահանջել է Վիկտոր Սողոմոնյանին և փորձել է բարձրանալ Ռ. Քոչարյանի գրասենյակ. ականատես (տեսանյութ)
«Էրեբունի պլազա» մուտք գործած անձը «Օֆրա» ընկերության աշխատողներից մեկին պատանդ էր վերցրել և պահանջել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, ինչպես նաև փորձել է բարձրանալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Օֆրա» ընկերության աշխատակիցներից մեկը։ Նշենք, որ այս ընկերության գրասենյակը ևս գտնվում է «Էրեբունի պլազայի» երկրորդ հարկում:
«Եկել է, սկզբում կրակոց ենք լսել, զենքը պահել է մեր հղի աղջիկներից մեկի վրա, բարձրացել է երկրորդ հարկ: Մենք տեսանք, եկավ մեր դուռն էլ բացեց։ Սա նմանատիպ առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ ևս նման ինչ-որ գործողություն ենք նկատել»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ անհայտ անձն այսօր «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Զինված անձը վնասազերծվել և տեղափոխվել է Ոստիկանություն։










