Ճապոնիայում և Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են գրանցվել
Ճապոնիայում 2019-nCoV կորոնավիրուսով վարակման հետևանքով ևս մի մարդ է հոսպիտալացվել, այս մասին հունվարի 24-ին հայտնում է Yomiuri Shimbun թերթը` հղում տալով երկրի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության հայտարարությանը:
Նշվում է, որ վարակման երկրորդ դեպքը գրանցվել է Տոկիոյում: Հիվանդացել է Չինաստանի 40-ամյա բնակիչ, որը վերջերս է վերադարձել Ուհանից:
Ճապոնական գերատեսչությունը մարդկանց կոչ է անում խուճապի չմատնվել, սակայն խորհուրդ է տալիս դիմակներ կրել և ձեռքերը լավ լվանալ:
Հարավային Կորեան նույնպես հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքի մասին, այս մասին տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Խոսքը 55-ամյա տղամարդու մասին է, որը Չինաստանից ժամանել է Սեուլի «Կիմպհո» օդանավակայան: Հայտնի է, որ վերջինս այցելել է Ուհան քաղաք, որտեղ էլ վարակվել է: Հիվանդը մեկուսացված է և բուժման կուրս է անցնում:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանի իշխանությունները երկրում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հիվանդության էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքի բնակչությանն արգելել են լքել քաղաքը:
Իշխանությունների կարգադրությամբ՝ արգելվել է Ուհանից հանրային տրանսպորտի դուրս գալը: Խոսքն ավտոբուսների, մետրոյի, նավերի, գնացքների և օդանավերի մասին է: Բնակիչները միայն քաղաքի ներսում տեղաշարժվելու հնարավորություն ունեն:
Չինաստանում վարակման հետևանքով մահացել է 25 մարդ, վարակման դեպքերը հասել են 830-ի:
Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:










