Քննիչը հնարավորություն տվել է ծանոթանալ դատարանի որոշմանը. ՀՔԾ

12:27 • 24.01.20

Այսօր վաղ առավոտյան Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանները հայտարարություն տարածեցին, որ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացնում Հրայր Թովմասյանի բնակարանում:

Որոշ ժամանակ անց Սահմանադրական դատարանի նախագահի պաշտպաններից Ամրամ Մակինյանն ասաց, որ խուզարկությունը չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է իրենց իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը, մասնավորապես, հնարավորություն չի տրվում պարոն Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին ամբողջ ծավալով դատարանի որոշմանը ծանոթանալ:

Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հատուկ քննչական ծառայությունը.«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը: Ա. Մակինյանի վերը նշված հայտարարությունը նպատակ է հետապնդում ընդամենը խոչընդոտել քննչական գործողության իրականացմանը»: ՀՔԾ-ն պաշտպանական թիմին հորդորել է գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ հնչեցնելուց»: