Իրավիճակն արդեն անվերահսկելի է. կորոնավիրուսի համաճարակի ֆոնին Չինաստանի հիվանդանոցները լեփ-լեցուն են հիվանդներով (տեսանյութ)

11:32 • 24.01.20

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որը ցույց է տալիս մահացու կորոնավիրուսի համաճարակի ֆոնին Չինաստանի լեփ-լեցուն հիվանդանոցներից մեկը: Դիմակներ կրող հարյուրավոր հիվանդներ բժիշկների սենյակների առաջ հերթ են կանգնել միջանցքներում:

Աղբյուրը նշում է, որ կորոնավիրուսն արդեն դարձել է 25 մարդու մահվան պատճառ, իսկ ավելի քան 800-ը վարակված են: Իշխանությունները կարանտին են հայտարարել Հուբեյ նահանգի ինը քաղաքում բնակվող առնվազն 24 մլն բնակչի համար:

Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է:

Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:

Իշխանությունները հայտնել են, որ Ուհանում հիվանդների թիվն այնքան է ավելացել, որ որոշվել է մի քանի օրում նոր հիվանդանոց կառուցել կորոնավիրուսի վարակակիրներին բուժելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել 5 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում:

Չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Չինաստանում համաճարակի պատճառ դարձած վտանգավոր կորոնավիրուսի պատվաստանյութը Ռուսաստանում կպատրաստեն կես տարուց ոչ շուտ: