Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում խուզարկության որոշումը կարդալ. Հրայր Թովմասյանի պաշտպան (տեսանյութ)
Արդեն տևական ժամանակ է` հատուկ ծառայության քննիչները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:
«Խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը, մասնավորապես, հնարավորություն չի տրվում պարոն Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին ամբողջ ծավալով դատարանի որոշմանը ծանոթանալ»,-ասաց նա և նշեց, որ իրենք համապատասխան միջնորդություն են ներկայացրել:
«Սա աննախադեպ պրակտիկա է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում որոշումը կարդալ: Պատճառաբանություններ, որպես այդպիսին, չեն տրվում: Այն գործի շրջանակներում է խուզարկությունն իրականացվում, որ գործով պարոն Թովմասյանը ներգրավված է որպես մեղադրյալ»,-ասաց նա:
Ամրամ Մակինյանը տեղեկացրեց, որ այս պահին Հրայր Թովմասյանն իր բնակարանում է և քննչական գործողությունը, որպես այդպիսին, չի սկսվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ ՀՔԾ-ն դիմել է դատարան Հրայր Թովմասյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և նախկին խոսակցությունների վերծանումներն առգրավելու թույլտվություն ստանալու համար։
Ըստ հրապարակման՝ առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է, և Վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը բավարարել է այն։ Երկուշաբթի օրվանից ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը և համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները։










