Անջելինա Ջոլին պատանի հեռուստադիտողների համար նախատեսված սեփական հեռուստածրագիրը կթողարկի

10:52 • 25.01.20

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ռեժիսոր Անջելիա Ջոլին արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ բարեգործությամբ է զբաղվում և ձգտում է օգնել մարդկանց: Օրերս դերասանուհին պատանի հեռուստադիտողների համար նախատեսված, ժամանակակից աշխարհում արդի հարցերին վերաբերող հեռուստածրագրի պրոդյուսերական աշխատանքներն է ստանձնել, հայտնում է woman.ru կայքը: 

Մեկուկես ժամ տևողությամբ «Իմ աշխարհը» ծրագիրը կհեռարձակվի ամեն կիրակի` BBC World News հեռուստաալիքով: 

«Որպես ծնող` շատ ուրախ եմ ծրագրի ստեղծմանը մասնակցելու համար, քանի որ այն նպատակ ունի երեխաներին պատմել աշխարհի տարբեր անկյուններում իրենց հասակակիցների կյանքի մասին և օգնել նրանց համախմբվել»,- Variety-ին տված հարցազրույցում նշել է դերասանուհին: 

Նախատեսվում է, որ ծրագիրն առաջին հերթին կօգնի երեխաներին, որոնք երկար ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում և պարբերաբար մեծահասակների համար նախատեսված կոնտենտի են բախվում:

Ծրագրում պատանի օգտատերերին կբացատրեն, թե ինչպես է պետք ստուգել տեղեկատվությունը, որ աղբյուրներին արժե վստահել: Հեղինակների կարծիքով` նմանատիպ ծրագիրն անհրաժեշտ է, քանի որ մեծահասակները հեշտորեն կարող են կեղծ նորությունների վերաբերյալ հոդվածներ գտնել և այդ թեմայի շուրջ առավել իրազեկ լինել, իսկ ահա երեխաների hամար նմանատիպ որևէ միջոց դեռ չկա, ուստի «Իմ աշխարհ»-ը կլրացնի այդ բացը:

Ծրագրում այլ երեխաների կյանքի մասին պատմությունները կօգնեն երիտասարդ հեռուստադիտողներին հաղթահարել իրենց սեփական խնդիրները, նրանց հնարավորություն կտրվի գիտակցել, որ այս աշխարհում միայնակ չեն:

Ծրագրում կանդրադառնան այնպիսի թեմաների, ինչպիսիք են կիբեռհարձակումը և արտաքին տեսքի պատճառով բարդույթները: